Ադրբեջանական լրատվամիջոցները ամեն շաբաթ հրապարակում են մանրամասն տեղեկություններ՝ ցույց տալով, թե որքան դիզելային վառելիք կամ հացահատիկ է ուղարկում Հայաստան։ Այս ամենը ծառայում է երկու հիմնական նպատակի։ Առաջինը՝ Ադրբեջանի իշխանությունը դրանք օգտագործում է միջազգային հարթակներում՝ իրենց «խաղաղասիրական» կերպարը պահպանելու համար։ Երկրորդը՝ Հայաստանի իշխանությունը՝ հայ մարդկանց ուղեղը խցկելու համար՝ ապացուցելու, որ խաղաղությունը այլևս արտահայտվում է վառելիքի և հացի տեսքով։
Սա ոչ միայն քաղաքական խաղ է, այլև մտավոր գործընթաց, որի նպատակը մտածելու կարողությունը զրկելն է։ Երկու կողմերն էլ, իշխանությունները և միջազգային քաղաքականության «գուրուները», հասկանում են, որ «փողին մուննաթ» սկզբունքի հետ մեկտեղ կարևոր է նաև մտածելու ունակությունը խափանելը։ Երբ մարդու ուղեղը լցված է աղբով, նա ոչ միայն կենդանի ժամանակում, այլև անցյալի մասին հիշելու կարողությունն է կորցնում՝ ամբողջությամբ հանձնվելով վառելիքահացահատիկային ապագայի մասին պատրանքներին։
Հայաստանի իշխանության համար հայ մարդկանց հիշողությունը պահպանելը ավելի կարևոր է, քան ցանկացած առաքում։ Որովհետև հիշողության դեպքում մարդիկ կարող են ասոցիացիաներ անել։ Նրանք կարող են հանկարծակիորեն արձանագրել, որ Ադրբեջանում ամեն շաբաթ հրապարակվող լուրերը՝ իրենց տարածքով առաքվող խմբաքանակների մասին, ողբերգականորեն նման են այն չարագուշակ լուրերին, որոնք մենք ամեն օր էինք ստանում վեց տարի առաջ։ Այդ լուրերը վերաբերում էին Արցախից Հայաստան տեղափոխվող մարմինների քանակներին։ Եթե մարդիկ հիշում են, նրանք կարող են հանկարծակիորեն հասկանալ, որ Ադրբեջանում այդ լուրերը գրողները մտածում ու նպատակադրում են հայերիս ակնկալվող նվաստացումը։ Այսքան լիտր դիզելային վառելիք՝ այսքան սպանված հայերի դիմաց, այսքան տոննա հացահատիկ՝ մյուս օրերին բայրաքթարի հարվածներից զոհված հարյուրավոր երիտասարդների կյանքի դիմաց։
Այս իրողությունը հրեշավոր է, բայց դրա մասին խոսելը անխուսափելի է։ Ադրբեջանը՝ Հայաստանի իշխանության հորթային հրճվանքի ներքո, ամեն շաբաթ մեզ վճարում է մեր պապերի հազարամյա տարածքի կորուստն ու մեր հազարավոր զավակների սպանությունն այդքան անվրդով ընդունելու ու կենդանական հաշտության համար։ Ադրբեջանը փակում է հաշիվը՝ վճարելով հայ ժողովրդին սեփական զավակների կյանքի դիմաց, որից Հայաստանի իշխանությունը թեյավճար է ստանում։
Առաքումների այս պատմությունը խաղաղության մասին չէ, ինչպես որ հակառակը կապ չունի պատերազմի հետ։ Սա պատմություն է չփակված հաշիվների մասին, որը, մեր փոխարեն՝ փակում է Ադրբեջանը, ինչպես վարվում է ցանկացած բաշիբոզուկ՝ դիմացինի անթասիբ կեցվածքին ի պատասխան։
Հայկական Արցախն ու հինգ հազար հայ մարդկանց կյանքի չփակված հաշիվը հայերի որևէ սերունդ պետք է փակի, և դա որևէ կապ չունի ռևանշի կամ պատերազմի հետ, թեև, եթե անհրաժեշտ է՝ դրանք ևս պետք է չբացառվեն։ Կա՛մ երբևէ փակվելու է չփակված հայկական հաշիվը, կա՛մ փակվելու է հայկականությունն ու Հայաստանը։
Վառելիքահացահատիկային նվաստացման այսօրվա մեր հաշտ ընկալումը վաղվա սերնդին թողնվող այնպիսի բեռ է, որը հնարավոր չէ փոխադրել որևէ երկաթուղով կամ այլ շարժակազմով։