Ապրիլի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվեց 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտահրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի նախկին հրամանատար փոխգնդապետ Հայկ Թովմասյանի հարցաքննությունը։
Այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանին։ Վերջինս մեղադրվում է 2020թ․ հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս չտարհանելու և ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար։
Դատական նիստում վկա հրավիրված Հայկ Թովմասյանը հայտնում էր, որ իր կայացրած որոշումների արդյունքում կարողացել է կրակակետի տարբեր տեղամասերից անձնակազմը դուրս բերել, որտեղից 123 հոգանոց անձնակազմից 103-ը փրկվել են։
Հարցաքննության ընթացքում փաստաբան Գոռ Գևորգյանը փորձում էր ցուցմունքներից հիմնավորել, որ Գևորգ Գևորգյանի նահանջի հրամանը փաստացի ձախողվել է։ Վկան հակադարձեց, նշելով, որ իրենք տեղանքում ոչ մի քարտեզ չեն ունեցել, իսկ հրամանները վերադասն է տվել։ Նա հստակեցրեց, որ իրենք տեղեկացրել են վերադասին, որ թշնամին մոտենում է, և ինքն իր կողմից հրաման է տվել անձնակազմին դուրս գալ, թողնելով հրանոթները և տեխնիկան։
Հայկ Թովմասյանը նաև հայտնեց, որ իրավիճակը, որի մեջ հայտնվել է Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնը, դիվիզիոնի հրամանատարության մեղքով չէր ստեղծվել։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ թշնամին, յուրային զորքերի քողի ներքո, մոտեցել է և մարտի է բռնվել։
Հանրային մեղադրողը ընդհատեց փաստաբանին՝ նշելով, որ գործով անցնող ևս 6 վկա կա, և դատարանը կողմերին կծանուցի հաջորդ դատական նիստի մասին։