Հարցին, թե ընդդիմությունը ի՞նչ քաղաքականություն է իրականացնում եւ ինչու չի մասնակցում հարց ու պատասխանին, պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող լեզուն եւ բառապաշարը, իր խոսքով, անընդհատ «փողոցային» են, ինչը, իրեն հարգող մարդու համար, անընդունելի է։

«Այդ խոսքի մեջ դուք չեք տեսնո՞ւմ աննորմալություն։ Մենք ունեցե՞լ ենք երբեւէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Այդ փողոցային բառապաշարը անընդհատ գալ՝ լսելը… իրեն հարգող մարդը այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվել։ Ինչքա՞ն կարելի է, հինգ տարի է՝ զզվել ենք», – ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նրանք կվերադառնան իշխանության եւ կշարունակեն քննադատել, եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Արմեն Ռուստամյանը նշեց, որ ժամանակը կգա խոսելու այդ մասին։ Նրա կարծիքով, եթե ընդդիմությանը չհաջողվի իշխանության գալ, եւ Նիկոլ Փաշինյանը մնա, Ազգային ժողովը կդառնա «միլլի մեջլիս»։

«Եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողով, այլ միլլի մեջլիս։ Եթե իսկապես որոշում են, որ սա միլլի մեջլիս է, ընտրություններից հետո թող որոշեն՝ աշխատել իմաստ ունի՞, թե՞ չունի»։

Արմեն Ռուստամյանը նաեւ բացատրել է, թե ինչու իր անունը չի ընդգրկված ընտրացուցակում։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ նա կուսակցության ներկայացուցիչ է, եւ այդ դերը պահանջում է այնքան մեծ պատասխանատվություն, որ նա դժվարանում է համատեղել այլ պարտականությունների հետ։

«Պատճառն այն է, որ ես կուսակցության ներկայացուցիչն եմ։ Կուսակցության ներկայացուցիչն այնքան ծանրաբեռնվածություն ունի, որ արդեն ես դժվարանում եմ համատեղել։ Մեր կուսակցությունը հո սովորական կուսակցություն չէ։ Համաշխարհային կառույց ունենք, 30-ից ավելի երկրներում՝ ներկայություն։ Իսկ բյուրոյի ներկայացուցիչը ըստ էության այդ ամբողջ կառույցի ղեկավարումը պետք է համակարգի»։