Իշխանությունները փորձում են խաբել ժողովրդին՝ թաքցնելով իրենց բերած անասելի աղետները։ Այդ աղետների մասին հիմա մոդայիկ չէ խոսելը, մոդայիկն իշխանությունների համար դարձել է խաղաղության մասին խոսելը։ Բայց դա չի նշանակում, թե աղետները մոռացվել են։ Դրանք նույնիսկ տասնամյակներ ու հարյուրամյակներ հետո անհնարին է լինելու մոռացության տալ։

Այն մանր-մունր ձեռքբերումները, որոնցով փորձում են հաջողության տպավորություն ստեղծել, ոչինչ են աղետների հանդեպ, որոնք բերել են։ Պետական կառավարումը մանր-մունր ձեռքբերումներով չի որոշվում։ Ու ինչքան էլ փորձեն հասցրած անդառնալի կորուստները քողարկել ընտրություններից առաջ թոշակները մի քանի հազար դրամով բարձրացնելու, կիսաանվճար բուժօգնություն տրամադրելու, հազար ու մի նախընտրական օգնություններ բաժանելու տակ, դրանից ոչինչ չի փոխվում։ Ոչ մի թոշակի բարձրացում կամ առողջության կիսաապահովագրում չի կարող մոռացության տալ ՔՊ-ականների կատարած չարագործությունները։

Սա իրենք էլ շատ լավ հասկանում են։ Ու ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան անհանգիստ են դառնում, տեղերը չեն գտնում։ Զարմանալի չէ, որ իշխան կորցնելու վտանգը հունից հանել է Նիկոլ Փաշինյանին։ Դրա ապացույցն էր նաև այն, ինչին ականատես եղանք կառավարության գործունեության ծրագրի անցած տարվա կատարողականի ներկայացման ժամանակ։ Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանն այն վերածեց նախընտրական շոուի՝ դրա տակ փորձելով թաքցնել իր կառավարության ու քաղաքական իշխանության բերած աղետները։

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինչքան շատ օգտագործի «աննախադեպ» ու «պատմական» բառերը, այնքան իշխանության տնտեսական ու սոցիալական «ձեռքբերումներն» աննախադեպ ու պատմական են դառնալու։ Աննախադեպ ու պատմական են եղել բերած կորուստներն ու դրանք անհնարին է լինելու փոխարինել որևէ այլ տնտեսական ու սոցիալական ձեռքբերումներով։ Իշխանության տնտեսական ու սոցիալական ձեռքբերումները նույնքան կեղծ են ու շինծու, որքան իրենց բերած խաղաղությունն է։

Մարդ կա, ասում է՝ սոցիալական ձեռքբերումների առումով «չեմպիոն» ենք։ Հիմա տեսեք, թե որտեղ է այս մարդկանց չեմպիոնությունը։ Չնայած համատարած թանկացումներին, հարկերի բարձրացումներին ու այլ ծախսերի ավելացումներին, կառավարության գործունեության 60 ամիսներից 58-ում գրեթե ոչինչ չեն արել թոշակները բարձրացնելու ու թոշակառուների սոցիալական վիճակը թեթևացնելու համար։ Վերջին 2 ամսում թոշակը 10 հազարով բարձրացրել են ու համարում են, որ կատարել են իրենց տված խոստումը՝ չեմպիոն են։ Այդ չեմպիոնությունը երևի արտահայտվում է նաև նրանով, որ մինչև վերջին նախընտրական բարձրացումը, միջին կենսաթոշակը բարձրացրել են ընդամենը 9 հազար դրամով։ 9 հազար դրամ՝ 8 տարվա ընթացքում։

2017թ. միջին կենսաթոշակը Հայաստանում 40,3 հազար դրամ էր, 2025թ., նույնիսկ 2026թ. առաջին եռամսյակում կամ մինչև վերջին նախընտրական բարձրացումը, կազմում էր 49 հազար դրամ։ Համաշխարհային մակարդակի տնտեսական աճերից են խոսում, տնտեսական աճի տեմպերի համեմատություններ են անում այլ երկրների հետ, բայց 8 տարում կենսաթոշակները նույնիսկ 9 հազար դրամից քիչ են բարձրացրել և միայն ընտրությունների նախօրյակին են հիշել թոշակառուների մասին։ Մինչ այդ, թե ինչպես են գոյատևում այդ մարդիկ, քիչ էր հետաքրքրում։ Քաղաքական ակնկալիքներով թոշակ են բարձրացրել՝ փորձում են դա էլ ներկայացնել որպես խաղաղության բերած բարիք։ Իբր խաղաղության արդյունքում է, որ տնտեսությունն անցած տարի նախատեսվածից ավելի բարձր աճ է ապահովել, ավելի շատ տուրիստներ են եկել, ավելի շատ հարկեր են գեներացվել։ Մոռացել են, որ դրանից առաջ, երբ իրենց ասած խաղաղությունը դեռ չէին բերել, շատ ավելի բարձր ու նախատեսվածից անհամեմատ ավելի մեծ տնտեսական աճեր են եղել։

Ինչպես այդ, այնպես էլ հատկապես անցած տարվա տնտեսական աճն այնքանով կապ ունի խաղաղության հետ, որքանով կապ ունի կառավարության ու քաղաքական իշխանության գործունեության հետ։ Այդ աճերը, գիտենք՝ ինչի հաշվին են, և դրանք ոչ մի կապ չունեն «խաղաղության» հետ։ Եթե խաղաղության բերած արդյունքը զբոսաշրջային հոսքերի ընդամենը 2,5 տոկոսանոց աճն է, որն արձանագրվեց անցած տարի, ապա դրա համար առնվազն պետք է ցավակցել կառավարությանը։ Այսպիսի աճերով մինչև ո՞ւր եք հասնելու։