Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 23%-ը։
Ըստ նրա՝ ԵՄ-ին միանալը կհանգեցնի աշխատաշուկայի զանգվածային կրճատումների, գնաճի տեմպերի աճի և, որպես հետևանք, կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով, իսկ էներգակիրների գները կթռիչքաձև աճ կունենան։
Շևցովը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կատարումը միմյանց անհամատեղելի են։ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ ԵՄ-ի հետ ինտեգրվելու համար։
ԵԱՏՄ-ից դուրս գալը, ըստ Շևցովի, կբերի մի շարք բացասական հետևանքներ․
Արտահանման սահմանափակումների վերադարձ։ Հայկական ապրանքները կկորցնեն իրենց մրցունակությունը մաքսատուրքերի պատճառով։
Մաքսային վերահսկողության վերականգնում։ Բեռնափոխադրումների ծախսերը կավելանան։
Արտոնյալ ռեժիմի վերացում։ Հայաստանցի միգրանտների համար գործող արտոնյալ ռեժիմը կվերացվի։
Գյուղատնտեսության խնդիրներ։ Գյուղատնտեսները կստիպվեն իրացման նոր շուկաներ փնտրել։
Անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչի համաձայն՝ այս սցենարի դեպքում ՀՆԱ-ն կկրճատվի 15,1%-ով, ներքին սպառումը՝ 14,1%-ով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ 26,3%-ով։ Գնաճը կավելանա 14,3 տոկոսային կետով, իսկ գործազրկությունը՝ 6,4-ով։
Շևցովը նաև ընդգծել է, որ ԵՄ-ի ստանդարտներին համապատասխանելու համար Հայաստանը ստիպված կլինի փոփոխել իր օրենսդրությունը և տնտեսական քաղաքականությունը, ինչը կպահանջի լրացուցիչ ներդրումներ և կխոչընդոտի ապրանքների ազատ տարանցմանը։ Արդյունքում, ըստ նրա, երկրի ՀՆԱ-ն կարող է նվազել ևս 7,7%-ով, իսկ գործազրկությունը՝ 4,1-ով։