Իմ կարծիքով, Արցախի հարցի ներկայիս իրավիճակը կարելի է բնութագրել որպես «անտեսված, բարձիթողի վիճակում, հանրային մակարդակում՝ անորոշությունների և որոնումների մեջ, իսկ անհատական մակարդակում՝ ծանր կորուստների, ամենօրյա ապրումների և խորը մտահոգությունների» վիճակ։
ՀՀ գործող իշխանության կողմից հաճախակի հնչող «Արցախի էջը փակված է» և «ղարաբաղյան շարժումից հրաժարվելու» մասին թեզերը խիստ տարանջատված են անհատական և հանրային ընկալումներից։ Ինչքան էլ իշխանությունն այդ քարոզչական մոտեցմամբ առաջնորդվում է, 100 հազարից ավելի արցախցիների առկայությունը մայր հայրենիքում՝ փախստականի կամ բռնի տեղահանվածի իրավիճակում, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Արցախի հարցը կա։
Սա նոր իրողություն է, որը, թեև տասը տարի առաջ պատկերացնելու չէր, բայց ես այն համարում եմ ժամանակավոր։ Իմ փիլիսոփայական մոտեցումն այն է, որ աշխարհում միայն արժեքներն են մնում, մնացյալը՝ ժամանակավոր։ Այս իրողությունը ևս, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, կարող է փոխվել։
Հարցին՝ վերադարձը դեռ հնարավոր է, թե՞ մենք խոսում ենք միայն ցանկության մասին, ես պատասխանում եմ․ չեմ կարող չհավատալ վերադարձին։ Այն ամենօրյա մտածմունք է բոլոր արցախցիների համար։
Իհարկե, պետք է հասկանալ, որ պատերազմի վտանգը, պատերազմի սպառնալիքը երբեք էլ չի անհետացել։ Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի։
Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ մեր հարևանների մենթալիտետը։ Նրանք երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով, նրանց համար իրենց ծրագրերի դադար չկա։ Ճանապարհը, որի մասին այսօր խոսակցություններ են վերսկսվում, իրականում 100 տարի առաջ էլ ծրագրվել էր։
Երբ խոսում ենք Արցախի ժողովրդի վերադարձի մասին, ես կուզեի, որ մենք ունենայինք իշխանություն, որը ռազմավարական մտածողություն ունենար։ Նույնիսկ եթե այս պահին դա իրատեսական չէ, դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք խոսել այդ իրավունքի մասին։ Շատ տարօրինակ կլինի, որ մենք չխոսենք այդ մասին, երբ մի շարք պետություններ և կազմակերպություններ 2023 թվականից սկսած խոսում են դրա մասին։
Արցախ վերադառնալու իրավունքի տերը արցախի ժողովուրդն է։ Որևէ մեկը մեզ չի կարող ասել՝ այդ իրավունքը դուք չունեք։ Այն մեր մասին է, մեր կյանքի մասին է, այն ձեռք է բերվել մեծ կորուստներով։ Եվ դեպի խաղաղություն տանող ճանապարհը տեղահանվածների վերադարձով է, գերեվարվածների ազատ արձակումով։
Ի վերջո, պետք է հիշենք, որ ՌԴ նախագահի և Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման ժամանակ Պուտինը ասել է, որ միջազգային իրավունքի տեսակետից ԼՂՀ-ն Ադրբեջան է։ Սա նշանակում է, որ եթե միջազգային իրավունքն այդ պահին խոսում է դեռևս չճանաչված կազմավորումների մասին, մենք պետք է հետ քաշվե՞նք։ Ճիշտ մոտեցումը հետևողական, մտածված դիվանագիտական աշխատանքն է, որը հետխորհրդային չճանաչված բոլոր սուբյեկտները հետևողական տանում են։
Այս ամենի ֆոնին, գործող իշխանության կողմից հայ գերիների հարցում ցուցաբերվող պահվածքը բավական կրավորական է։ Բայց զարմանալի էր, որ Ալեն Սիմոնյանն իր ելույթում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում հստակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, և 19 հայ գերիների ազատ արձակումը պետք է իրական հաշտեցման հիմք դառնա։ Խոսելը մի բան է, արդյունքի հասնելը՝ մյուսը։