Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված ու անորոշ մնալ։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի երկշաբաթյա հրադադարի ժամկետի ավարտին ընդառաջ՝ հակամարտությունը գտնվում է պատերազմի և բանակցությունների միջև փխրուն սահմանագծին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար չի երկարաձգի ապրիլի 7-ին Իրանում հաստատված հրադադարը և չի բացի Հորմուզի նեղուցը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի։ Նա կրկին շեշտել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու ծրագրերից, իսկ հարստացված ուրանի դուրսբերումը, ըստ նրա, երկար և բարդ գործընթաց է լինելու։ «Մենք հաղթում ենք պատերազմում, ամեն ինչ շատ լավ է ընթանում, մեր բանակը հիանալի արդյունքներ է գրանցել»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ Իրանի նավատորմը, ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանությունը ոչնչացվել են, և հանրապետությունում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Նա հավելել է, որ Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը նաև հստակեցրել է, որ թույլ չի տա, որ դեմոկրատները շտապեցնեն Միացյալ Նահանգներին՝ կնքելու այնպիսի գործարք, որն այնքան էլ լավը չի լինի։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Թեհրանի հետ նոր գործարքը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Բարաք Օբամայի կողմից կնքված միջուկային համաձայնագիրը։ «Մեր գործարքը կերաշխավորի խաղաղություն, անվտանգություն և ապահովություն՝ ոչ միայն Իսրայելի և Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է նա։

Իրանի կողմից Պակիստանում սպասվող բանակցությունների մասին տեղեկությունները հակասական են։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը, սահմանելով շրջափակում և խախտելով հրադադարի ռեժիմը, ձգտում է բանակցային գործընթացը վերածել «կապիտուլյացիայի սեղանի» կամ արդարացնել ռազմական էսկալացիայի վերսկսումը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է պայմաններ թելադրել ճնշումների և սպառնալիքների միջոցով, սակայն Թեհրանը չի ընդունում բանակցություններ շանտաժի և սպառնալիքների ներքո։

Ղալիբաֆն ընդգծել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը դիմակայության դաշտում նոր «խաղաքարտեր» է պատրաստել, ինչն արտացոլում է երկրի պատրաստակամությունը՝ արձագանքելու ցանկացած սցենարի և պահպանելու ռազմավարական զսպումը։

Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Իսլամաբադ կմեկնի իրանական կողմի հետ բանակցությունների երեքշաբթի առավոտյան։

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշել է, որ Պակիստանի հարթակն այս դեպքում ծառայում է որպես չեզոք վայր, որտեղ բանակցելով, Վաշինգտոնը ձգտում է խուսափել նախընտրական շրջանում իմիջային վնասներից, իսկ Թեհրանը՝ փորձում թուլացնել իր նկատմամբ ճնշումներն ու միակողմանի պահանջները։

Վերլուծաբանը գտնում է, որ Հարավային Կովկասի համար այս զարգացումներն ունեն ճակատագրական նշանակություն։ Նրա կարծիքով, ԱՄՆ-Իրան առճակատման թուլացումը կարող է մեղմել քաղաքական լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում, որոնցից առաջինը սերտ համագործակցում է Արևմուտքի հետ, իսկ երկրորդը՝ Իսրայելի հետ։ Լարվածության լիցքաթափումը, նրա խոսքով, կնվազեցնի տարածաշրջանը գերտերությունների բախման «երկրորդ անուղղակի ճակատի» վերածելու վտանգը։

Վերլուծաբանը եզրափակել է, որ Իսլամաբադում որոշվում է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից շրջանների վաղվա պատկերը։ Հարավային Կովկասի համար սա կամ կայունացման հնարավորություն է, կամ նոր աշխարհաքաղաքական փորձությունների սկիզբ։