Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ համագործակցության մասին։ Քաղաքական ուժերը ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ նրանք միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ։
Համագործակցության հիմքում ընկած է համազգային համախմբման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերները։
Հուշագրի պայմաններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը կապահովի իր մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» դաշինքի շրջանակում՝ ընտրական ցուցակներում ներկայացում ունենալու նպատակով։
«Ապրելու երկիր» կուսակցությունից ընդգծում են, որ ստանձնում են իրենց պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին։
Այս որոշումը կայացել է այն պայմաններում, երբ ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը արդեն հայտարարել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր «Նոր ուժ» կուսակցությամբ, Հայաստանի Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ), որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԲՀԿ-ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
Հիշեցնենք, որ նախկինում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես հայտարարել էին ընտրություններին միասնական մասնակցության մասին, սակայն ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք դադարեցրել են համագործակցությունը։