ԱԺ նստաշրջանում ԿԸՀ 2024-2025 թվականի գործունեության մասին հարցի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ ներկայիս իշխանությունները վերարտադրվում են, քանի որ վախենում են իրենց խոստումները չկատարելու դիմաց պատժի արժանանալուց։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները չգիտեն, թե իրենք իշխանության գալուց առաջ ինչ են խոստացել, ինչի դիմաց են այդ խոստումները տվել եւ ինչ պատժի կարժանանան, եթե դրանք չկատարվեն։
«Ալիեւն ամեն օր նրանց հիշեցնում է, որ իրենք դեռ Սահմանադրությունը չեն փոխել։ Ալիեւը նրանցից պահանջում է 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, որովհետեւ այդ 300 հազար ադրբեջանցիները, տեղավորվելով Հայաստանում, շատ կարճ ժամանակահատվածում դառնալու են ավելին, քան 300 հազարն է։ Իսկ նիկոլիզմի թեզ 002-ով հստակ ասվում է՝ այն մարդը, ով բնակվում է Հայաստանում, դառնում է ՀՀ քաղաքացի եւ երկրի տերը։ Ասել է, թե մի քանի տարի հետո Ալիեւի պահանջով 300 հազար բնակեցումները կդառնան 1 մլն ընտրող, եւ առանց պատերազմի երկիրը կհանձնեն Ադրբեջանին։ Եթե ոչ, ապա այս իշխանությունը պատժի առաջ է կանգնելու։ Ահա այս վախերն այս իշխանություններին դարձրել են երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնող «Չարի վերջ»-ի հերոս»,- նշեց նա։
Արմենուհի Կյուրեղյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նրան դիմելով ասաց․ «Խաղաղ երկինք եմ մաղթում, խաղաղվեք, խնդրում եմ»։