Եվրամիության երկրների դեսպանների կողմից այսօր Բրյուսելում հաստատվել է Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը։ Այս քայլը նախապատրաստում է ԵՄ-ի արտգործնախարարների հաջորդ շաբաթվա նիստին, որտեղ ակնկալվում է մանդատի վերջնական հաստատումը։

Առաքելության նպատակը, ինչպես նշվում է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկության մեջ, ամրապնդելն է Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներին։ Այն կտրամադրի ռազմավարական և գործնական խորհրդատվություն՝ աջակցելով նախարարություններին և անվտանգության ոլորտի գործակալություններին։

Խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման և դրանց արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը նաև կգնահատի անվտանգության ոլորտում կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցները՝ երկիրն ավելի արդյունավետ դարձնելու համար հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու գործում՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։

Առաքելության կարիքը հիմնավորող փաստաթղթում նշվում է, որ առաջիկա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, դրանց հաջորդող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և հավանական սահմանադրական հանրաքվեն կարևորագույն քննություն են լինելու ոչ միայն ներքին կայունության, այլև տարածաշրջանային խաղաղության համար։

ԵՄ-ն ընդգծում է, որ նոր առաքելության նպատակն է «նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։ Բրյուսելը նաև պլանավորում է շարունակել քննարկումները Ադրբեջանի հետ՝ ԵՄ աջակցության նպատակը բացատրելու և խաղաղության գործընթացի վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում առկա են նաև այլ հնարավոր ռիսկեր, այդ թվում՝ ներքաղաքական զարգացումներ, արտաքին տնտեսական ճնշումներ, տեղեկատվական մանիպուլյացիաներ, ինչպես նաև Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ազդեցությունը։ Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի և Իրանի միջև ունեցող միակ բաց սահմանը կարող է էլ ավելի մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը երկրի տնտեսության և էներգետիկ կարիքների վրա։

Ակնկալվում է, որ ԵՄ-ի նոր խումբը Հայաստանում կտեղակայվի երկու տարով, կունենա 20-30 միջազգային աշխատակից և կգործի «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Այն բաց կլինի նաև երրորդ երկրների մասնակցության համար, եթե և երբ Բրյուսելը համաձայնության հասնի այդ ուղղությամբ։