Իմ հարցումների արդյունքում Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը կենտրոնացած է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի (ԱՀՀ) ներդրման գործընթացի վրա։
ԱՀՀ-ի ներդրումը, որը մեկնարկեց տարեվերջին, իրականացվում է փուլ առ փուլ։ Առաջին փուլում համակարգի շրջանակում ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկան և ավելի քաղաքացիները, հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը, ինչպես նաև աշխատավարձ ստացողները, որոնց աշխատավարձը կազմում է 200 001 դրամ և ավելի։
Համակարգը լիարժեք ներդրված է, ենթաօրենսդրական ակտերը մշակված և հաստատված են, իսկ ծառայությունների, դեղերի և կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները նույնպես հաստատվել են։ Առողջապահական ծառայությունների համար անկանխիկ վճարումների համակարգի կիրառումը, որը դարձել է համակարգի անբաժանելի մաս, ապահովում է համակարգի թափանցիկությունն ու հետագծելիությունը՝ ապահովելով, որ ոչ մի շահառու չստանա ծառայություն, որի մասին պետությունը տեղյակ չէ։
Բյուջեի աճ և թվայնացում
Առողջապահության ոլորտի բյուջեն 2026 թվականին կաճի 220 մլրդ դրամի, ինչը 2025 թվականի 164 մլրդ դրամի համեմատ ավելի քան 100 մլն դրամի աճ է։
Առաջընթաց է գրանցվել նաև ոլորտի թվայնացման աշխատանքներում։ Երեխայի ծննդյան գրանցումը, իմունականխարգելման գործընթացը և դեղապահովումը կատարվում են ամբողջությամբ թվային եղանակով։ Գործում է նաև թվային անաշխատունակության թերթիկը, իսկ ընթացքի մեջ է լաբորատոր հետազոտությունների թվայնացումը։
Կառույցների վերակազմակերպում և սքրինինգային ծրագրեր
Հաշվետու ժամանակահատվածում մարզային 42 առողջապահական կազմակերպությունների կառավարման լիազորությունները վերապահվել են Առողջապահության նախարարությանը։ 3 տարվա ընթացքում մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպվելու են մեկ մարզային բժշկական կենտրոնի։
Արդիականացվել են արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունները։ Շարունակվում են բժշկական կառույցների կառուցումն ու վերանորոգումը, ինչպիսիք են Սիսիանի բժշկական կենտրոնը և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» մասնաշենքերը։
Կարևորվում է հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ինչի համար ընդլայնվել են սքրինինգային ծրագրերը։ Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվել է 4287 հետազոտություն, իսկ 2025 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարվել է 2870 հետազոտություն։ Արդյունքում՝ 6 անձի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։ Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում իրականացվել է 7779 մամոգրաֆիկ հետազոտություն։
Շարունակվել են նորածնային 7 սքրինինգները, որոնք ուղղված են բնածին հիվանդությունների վաղ ախտորոշմանը։ 2025 թվականից ավելացել է ադրենոգենիտալ սքրինինգի իրականացումը նորածինների շրջանում, իսկ տարեվերջին մեկնարկել է նաև ակնային նորածնային սքրինինգը։
Պետական բյուջեից ձեռք է բերվել 95 անվանում դեղ 16 հիվանդության համար, որը հասանելի է 238964 շահառուի։