ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ իշխանությունն իր աթոռը պահելու համար փորձում է մանեւրել՝ մեղադրելով ընդիմությունը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ ընտրության հարցում «ձեռքերը տաքացնելու» մեջ։

Ըստ նրա՝ այս մանեւրը հիմնված է հակասական դիրքորոշումների վրա։ «Երբ պետք է՝ դառնում են արեւմտամետ, երբ պետք է՝ դառնում են խիստ ռուսամետ։ Բայց իրենց խնդիրը մնում է նույնը՝ այնպես անեն, որ բոլոր դաշտերում իրենք համարվեն ամենալավագույնը եւ բոլորի կողմից ընդունվածը»,-նշել է Ռուստամյանը։

Պատգամավորը նշել է, որ իշխանության այս հակասությունները հստակ երևում են անցած ժամանակահատվածում կատարված գործողությունների համատեքստում։ «Իրենք 2021 թվականին խաղարկեցին այն թեզը, որ իբր պաշտպանում են Պուտինի ստորագրությունը՝ կապված նոյեմբերի 9-ի պայմանագրի հետ։ Բայց հիմա տեսանք, թե այդ նոյեմբերի 9-ից նախ ինչ թողեցին։ Եվ հիմա խոսել, թե իրենք ամենառուսական քաղաքականությունը եւ ռուսական շահերն են պաշտպանում, ուղղակի ծիծաղ է առաջացնելու»,-ասել է նա։

Ռուստամյանը նաեւ նշել է, որ այս հակասությունները դրսեւորվում են նաեւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հարցում։ «Եթե ինքը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակ է համարում ԵՄ ուղղությամբ քայլեր կատարելը, բայց իրեն անընդհատ ասում են, որ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն իրար հետ անհամատեղելի են, հիմա պարզվում է՝ ինքը ԵԱՏՄ-ի հիմնական ջատագովն է եղել»,-ընդգծել է նա՝ նշելով, որ իրենց հայտարարությունները մինչեւ հիմա հակառակն են ցույց տվել։

Ռուստամյանը կարծում է, որ իշխանությանը պետք է վարել համատեղման քաղաքականություն՝ «եւ, եւ» մոտեցումով, այլ ոչ թե «կամ, կամ»։ «Իրենք մտել են «կամ, կամ»-ի քաղաքականության մեջ։ Եվ սա հայտարարություններով լղոզել հնարավոր չէ»,-եզրափակել է նա։