Այսօրվա նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները։
Նախարարի ներկայացմանը հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որի ընթացքում նա նշեց, որ ծրագրի կարևոր կետերից մեկն այն է, որ մինչեւ 2030 թվականը գիտության ֆինանսավորումը պետք է հասցվի ՀՆԱ-ի 1 տոկոսին։
Վարչապետը նաև անդրադարձավ գիտնականների աշխատավարձերի ցանկին և նկատեց, որ գիտական հանրության ներկայացուցիչները հաճախ չեն բարձրաձայնում կառավարության կողմից իրականացված բարեփոխումների մասին։ Նա նշեց, որ այս լռությունը հարցեր է առաջացնում, սակայն դիտարկում է այն որպես «խոհափիլիսոփայական» խնդիր։
«Եթե կառավարությունն էս թեմայով չխոսի, իրենք չեն ասի, միլիարդների ներդրումներ ենք անում, մեկ-մեկ գնում ենք բացումների, զգում ես, որ իբր էս խի՞ եք եկել։ Սա շատ վատ բան է, բայց ես առանձնապես նեղված չեմ, որովհետեւ սա ապագայի ներդրում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս երևույթը բավականին տարածված է։
Նա նաև հավելեց, որ գիտնականները, թեև հաճախ չեն հայտնում իրենց շնորհակալությունները, բայց իրականում վայելում են կառավարության գործունեության արդյունքները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացրեց վարչապետին, որ գիտնականների կողմից շնորհակալությունների բացակայության պատճառն այն է, որ այս լայնածավալ աշխատանքը դարձել է «սովորական»։