ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փետրվարին Հարավային Կովկաս կայցելեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին նա հայտնել է իր Truth Social-ի էջում՝ նշելով, որ այցի նպատակն է առաջ մղել Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու ջանքերի համար։

Այս հայտարարությունը կատարվում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նրա նախաձեռնած «Խաղաղության խորհուրդ» միջազգային կազմակերպության հիմնադրումից հետո։ Հայաստանը և Ադրբեջանը միացել են այս նախաձեռնությանը՝ մի շարք այլ երկրների հետ միասին։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշել է, որ Ջեյ Դի Վենսի այցն արտացոլում է Վաշինգտոնի կողմից Հարավային Կովկասի նկատմամբ մոտեցման որակական փոփոխություն և ԱՄՆ-ի «վերադարձը» տարածաշրջան՝ ավելի հաշվարկված դերակատարությամբ։

Նրա գնահատմամբ, միջազգային համակարգի վերաձևավորման փուլում Հարավային Կովկասը դառնում է ռազմավարական հանգույց՝ գտնվելով երեք առանցքային ուժերի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի խաչմերուկում։

«Երկար ժամանակ ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում սահմանափակվել էր որոշ փոքր նախագծերով և ԵԱՀԿ ՄԽ շրջանակում դիվանագիտական միջնորդությամբ՝ ճանաչելով ՌԴ դերակատարությունը։ Բայց այսօր Վաշինգտոնի օրակարգը փոխվել է։ Վենսի այցն ամերիկյան նոր հաշվարկների, նոր պրոյեկտների ու ներկայության արտահայտությունն է։ ԱՄՆ-ը դիրքավորվում է՝ որպես ազդեցիկ ուժ տարածաշրջանում»,- ասաց Սիմոնովը։

Վերլուծաբանը նշել է, որ այս իրավիճակը հնարավորություն է, ինչպես նաև՝ բազմաթիվ նոր ռիսկերի վտանգ Հայաստանի համար։ Հետագա զարգացումները կախված են ռեգիոնում Երևանի և Բաքվի քաղաքականությունից, դիվանագիտության և հեռատես քաղաքականության որակից։

Սիմոնովը նաև նշել է, որ Ռուսաստանը, թեև խիստ մրցակցության մեջ չէ, որքան հնարավոր է՝ պահպանում է ստատուս-քվոն՝ խուսափելով դիվանագիտական «ցնցումներից»։

Այս հայտարարություններին զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տիրող իրավիճակը և «Խաղաղության խորհրդի» աշխատանքը։