Հարցին, թե արդյոք պարտադրել են բենզալցակայաններին վաճառել ադրբեջանական բենզինը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում պատասխանեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ հստակ նշելով, որ «Հայաստանում ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի կարող պարտադրել»։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանը վերջին տասնամյակներ շարունակ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Նրա խոսքով՝ այս որոշումը տնտեսական տրամաբանության հիմնված է և ուղղված է երկրի տնտեսության ամրապնդմանը։

«Հայաստանը տասնամյակներ շարունակ տրանսպորտային ուղիները փակ է ունեցել, և մեծ գումարներ է վճարել տրանսպորտային ծախսերի համար։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանը իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80 տոկոսը, կտնտեսի 80-100 մլն դոլար տարեկան կտրվածքով։ Իսկ եթե ՀՀ-ն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10 հազար անգամ ավելի վաճառում են աշխարհի տարբեր երկրների և միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ Հայաստանը կարող է տնտեսել այդ 80-100 մլն դոլարը և ներդնել այլ ոլորտների զարգացմանը»,- ասաց Սուքիասյանը։

Նա նաև անդրադարձավ հասարակության շրջանում տարածված կարծրատիպին, թե ադրբեջանական բենզինի գինը զենքի համար նախատեսված գումարի չափով է։ «Այդ երեխայական, չկրթված, չգիտեմ՝ որտեղից ի հայտ եկած, որ ասում են՝ 100 հազար դոլար գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի։ Եթե ուզում ես տնտեսություն զարգացնես, պետք է դրա համար խելք ունենաս»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը լավ է ճանաչում ինչպես պատահական, այնպես էլ խորքային, խելք ունեցող մարդկանց։