Այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովի ընթացքում ես անդրադարձա մի կարևոր հարցի՝ սոցցանցերում իշխանությունների հասցեին հնչած վիրավորանքների համար մարդկանց պատասխանատվության կանչելու հարցին։

Իմ խոսքով՝ ոստիկանությունը իրականացնում է մոնիթորինգ, որի շրջանակում հետևում է սոցցանցերում տարբեր մարդկանց գրառումներին։ Սակայն այս մոնիթորինգը հաճախ կենտրոնանում է միայն իշխանական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, մասնավորապես՝ վարչապետի նկատմամբ արված հայտարարությունների վրա։

Ես նշեցի, որ, թեև ընդունելի է, որ ոստիկանությունը կարող էր ստանձնել նման պարտականություն, մի դեպի չի գրանցվել, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսեւորումները ստանան ոստիկանության արձագանքը։ Ընդհակառակը, նման հաղորդումներ ներկայացվելու դեպքում որևէ ընթացք չի տրվում։

Աշխատաժողովի թեմային՝ համակարգային կոռուպցիային, անդրադառնալիս նկատեցի, որ մեր իշխանությունները հաջողացրել են նոր բարձունքների հասնել այդ ուղղությամբ։ Իմ կարծիքով՝ սա ոչ թե համակարգային կոռուպցիայի բացահայտ դրսեւորումն է, այլ դրա օրինականացումը։

«Եթե նախկինում խոսում էին ծրարով գումարներ տալու մասին, ապա այսօր իրենք ստանում են բացահայտ, շատ ավելի մեծ չափերով, բայց՝ օրենքով նախատեսված եղանակով։ Ի սկզբանե օրենք է ստեղծվում, որը նախատեսում է այդ հնարավորությունը, կառավարությունն ընդունում է որոշումներ… խնդիրը ստանալու եղանակի մասին չէ, այլ ստանալու փաստի մասին, երբ պաշտոնատար անձը ստանում է անաշխատ եկամուտ՝ ոչ մի բանի դիմաց»,- նշեցի՝ հավելելով, որ այս պրակտիկան այժմ ընդունված է գեղեցիկ բառով անվանել՝ «պարգեւավճար»։