Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը հայտարարել է, որ Քաղաքացիական պայմանավորվածության (ՔՊ) կողմից հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելը «հերթական ՔՊ-ական ֆեյք միջոցառումն է», որն ըստ նրա՝ կապ չունի հայ ազգի իրական պատմության և հիշողության հետ։

Պողոսյանը նշել է, որ այս քայլը պայմանավորված է մի քանի գործոնով։ Նրա խոսքով՝ առաջին հերթին, ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ընտրազանգվածին ցույց տալ, որ իր համար կարևոր է հայրենիքը և հայրենիքի համար զոհվածների հիշատակը։

Ըստ նրա՝ երկրորդ գործոնը հիբրիդային պատերազմի շրջանակում իրականացվող մի քայլ է՝ փորձելով մոռացության տալ բոլոր այն օրերը, որոնք ունեն խորը ազգային-պատմական նշանակություն։ «Նա փորձում է մոռացության տալ սեպտեմբերի 27-ը, նոյեմբերի 9-ը և բազմաթիվ այլ օրեր, որոնք Փաշինյանի կառավարման օրոք և նրա անմիջական մեղավորության արդյունքում սև են դարձել մեր օրացույցում, ողբերգություն են դարձել մեր ժողովրդի համար»,- ասել է նա։

Պողոսյանը նաև նկատել է, որ երեկ «Շիրակ» պանթեոնում այցելած քայլիստները, նույնիսկ չհասկանալով, թե ուր են գնում, միայն 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմների մոտ էին քայլում, իսկ 90-ականներին մարտիրոսացված մեր եղբայրների շիրիմները գտնվում էին մի քանի քայլ հեռությամբ։ «Այստեղ երևաց հերթական ձևականությունը և հասարակության այն հատվածը, որն անհաղորդ է մեր բանակի և հայրենիքի համար ընկած մարդկանց հիշատակին»,- եզրափակել է նա։

Ըստ Պողոսյանի՝ քանի կան Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, մենք յուրաքանչյուր օր գտնվում ենք ցեղասպանության շեմին, քանի որ նրա օրոք հայոց բանակը և հայ տղամարդը զրկված են զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու հնարավորությունից։