Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պետրա Բայերը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ վեհաժողովը մեծապես աջակցում է Հայաստանին։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը ԵԽ անդամակցության 25-ամյակն է տոնում՝ որպես մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության ուղենիշ։
Իր հերթին, Արարատ Միրզոյանը նախազգուշացրել է, որ Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բախվում է արտաքին միջամտության մարտահրավերների։ Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հակառակվեն այն ուժերին, որոնք ցանկանում են խաթարել երկրի ինքնիշխանությունը և վերադարձնել այն ավտորիտարիզմի։
Այս հարցումների շուրջ զրուցել ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ի պաշտոնական զեկույցում, որը նա ինքն է թարգմանել և հրապարակել, Հայաստանի իշխանությունների մասին դրական որևէ բառ չի հանդիպում։ Զեկույցում հստակ նշված է, որ երկրում տիրող քաղաքական մթնոլորտը վտանգավոր է, և իշխանությունը պետք է կարգավորի իր հարաբերությունները ընդդիմության հետ։
«Ես ընթերցել եմ պաշտոնական տեքստը և ինքս էլ թարգմանել եմ։ Հայաստանի վերաբերյալ իրական տեքստում ոչ մի դրական խոսք չկար։ Մտահոգություն հայտնեցին, որ երկիրը և հասարակությունը բևեռացվել են, որ պետությունը չի խորշում Հայ առաքելական եկեղեցու դեմ գործել որպես քաղաքական հակառակորդի՝ իրականությունը սա է։ Ես առհասարակ բոլորին խորհուրդ եմ տալիս ընթերցել բացառապես բնագրերը, այլ ոչ թե հայերեն թարգմանությունները, որոնք գրեթե միշտ՝ ամենաբարձր մակարդակների հասնող հայտարարություններն անգամ խեղաթյուրվում են՝ հօգուտ իշխող թիմի»,- նշել է Տիգրան Խզմալյանը։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ի նախագահի հնչեցրած աջակցության մասին հայտարարությունները կարող են լինել բանավոր շեշտադրումներ, որոնք չեն արտացոլում զեկույցի բովանդակությունը։ Նա նաև մտավախություն է հայտնել, որ Եվրոպայի մի շարք երկների ղեկավարների կայցելությունը Հայաստան՝ որպես Եվրոպայի աջակցության ցուցադրում, կարող է փորձ լինել իշխանության վարկանիշը բարձրացնելու համար։