Իշխանության գալուց ութ տարի հետո էլ, քաղաքացիական պայմանավորվածության (ՔՊ) կողմնակիցները շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել պետությունը թալանելու և պաշտոնյաներին «ծրարով» փող բաժանելու մեջ։ Սակայն, այդ մեղադրանքները, որոնք տարիներ շարունակ հնչել են, ջրի երես դուրս չեն գալիս։ Ութ տարում չի հաջողվել ներկայացնել որևէ հաստատված փաստ, որ նախկինում պետական պաշտոնյաներին «ծրարով» փող են բաժանել։

Իրականում, մեղադրանքները, որոնք իշխանությունները պարբերաբար հնչեցնում են, Նիկոլ Փաշինյանի հիվանդագին երևակայության և մտասևեռումների շրջանակներում են մնում։ Իսկ իրենք, իրենց իշխանության գալուց հետո, ստեղծել են բազմաթիվ մեխանիզմներ, որոնց միջոցով պետական բյուջեն թալանելու գործընթացը դարձել է օրինական։

Այս փաստը հստակ տեսանելի է դառնում, երբ դիտարկում ես, թե ինչպես են պաշտոն ու դիրք ունեցող ՔՊ-ականները, իշխանության գալուց հետո, արագ հարստանում՝ ձեռք բերելով թանկարժեք բնակարաններ, ավտոմեքենաներ և այլ գույք։ Որևէ մեկին հարցնես, և պատասխանը միշտ նույնն է՝ «վարկերով են գնել»։ Սակայն հարց է առաջանում՝ ինչի՞ հաշվին են փակում այդ վարկերը։ Պատասխանը պարզ է՝ մեծ եկամուտներ են պետք այդ վարկը փակելու համար, և այդ եկամուտները, ըստ էության, պետական գանձարանի դռները բացելու միջոցն են։

Նախկին իշխանություններին մեղադրում են «ծրարով» թաքուն փող ստանալու մեջ, մինչդեռ իշխանությունները բյուջեից են ստանում այդ գումարները՝ գաղտնի կամ ոչ գաղտնի որոշումներով։ Իրենց ասած թալանը կամ «ծրարով» փող ստանալը դրել են օրինական հիմքերի վրա և գումարները հանում են բյուջեից։ Դրա վկայությունը, օրինակ, տարեվերջին բյուջեից 3.5 մլրդ դրամի շրջանակներում տրված բարձր պարգևավճարներն են։ Փաստորեն, այդ գումարները պաշտոնյաները ծրարով են ստանում, թե՞ առանց ծրարի, ոչինչ չի փոխում։ Ծրարով, թե առանց ծրարի, այդ գումարները երկնքից չեն ընկնում, դուրս են գալիս բյուջեից։

Այս գործընթացը հասարակության աչքից թաքցնելու համար իշխանությունները հաճախ դիմում են գաղտնիության։ Օրինակ, նախկինում Նիկոլ Փաշինյանն աշխատավարձերը գաղտնի կրկնապատկելու որոշումը 7 սարի հետևում էր թաքցնում։ Մինչև չբացահայտվեց, չխոստովանեց, որ ժողովրդից թաքուն, բյուջեի փողերով կրկնապատկել է պաշտոնյաների աշխատավարձերը։

Եթե չլինեին պետության հաշվին իրենց նվիրած բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները, ինչո՞վ էին բնակարաններ ու ավտոմեքենաներ ձեռք բերելու։ Հայտարարագրերում ցույց են տալիս, թե վարկերով են ձեռք բերել, ինչպես հասարակ քաղաքացիները, բայց այդ վարկերը փակում են պետական բյուջեի հաշվին։

Սա վերջին տարիներին համակարգային բնույթ ստացած երևույթ է, որը կոռուպցիայի ու բյուջեն թալանելու յուրահատուկ դրսևորում է։ Կոռուպցիայի նոր մոդելներ են ստեղծել՝ բյուջեի հաշվին «օրինական» ճանապարհով հարստանալու համար։ Դրա արդյունքում է, որ գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաները հիփոթեքով բնակարան են գնել, երբեմն՝ անգամ մեկից ավելին։

Այսպիսով, թալանը միայն բյուջեից պարգևավճարներ ստանալը չէ, այլև այն գումարներն են, որոնք տարբեր ձևերով հետ են բերվում։ Իրենց ստեղծած «օրինական» միջոցներով՝ բյուջեի հաշվին իրենց համար բնակարաններ են գնել։ Ու այնպես են արել, որ տարիներ շարունակ իրենց բնակարանների վարկերը փակելու համար բյուջեից փոխհատուցում ստանան։

Բյուջեի «օրինական» թալանի ձևերից մեկն էլ իշխանության գալուց հետո եկամտային հարկի պրոգրեսիվ սանդղակից հրաժարվելն էր։ Պրոգրեսիվ սանդղակը նախատեսում էր շատ ստացողից՝ շատ հարկերի գանձում, քիչ ստացողից՝ քիչ։ Իրենք, սակայն, շատ ստացողների համար եկամտային հարկի դրույքաչափն իջեցրին, որպեսզի իրենց բարձր աշխատավարձերից, հավելավճարներից ու պարգևավճարներից ավելի քիչ հարկեր վճարեն։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է, որոնք բյուջե մտնելու փոխարեն մնացել են այդ մարդկանց գրպանում։