Անկարան բարձր մակարդակով ակտիվացրել է Արևմտյան Թրակիայի «թուրք բնակչության իրավունքների» հարցը՝ որպես ռազմավարական ազդակ Աթենքին։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի պետական լրատվական գործակալությունների կողմից։
Հարցը սկանդալ է ստացել այն բանից հետո, երբ Հունաստանի կառավարությունը քննադատության է ենթարկվել «Արևմտյան Թրակիայի մուֆթիի նշանակման» կապակցությամբ։ Ըստ «թուրքական փոքրամասնության Խորհրդատվական խորհրդի»՝ նշանակումը կատարվել է առանց տեղի բնակչության հետ նախնական քննարկումների։
Այս հարցը, որը վերաբերում է գրեթե քառասունամյա վաղեմության իրավական իրավիճակին, ակնհայտորեն ծառայում է որպես թուրք-հունական հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից իր ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդելու միջոց։
Հունաստանում օրենք է ընդունվել, որը զրկում է երկրից դուրս տասը տարի ապրած անձինք իրենց քաղաքացիությունից։ Այդ օրենքի ընդունումից հետո Թուրքիա է արտագաղթել Արևմտյան Թրակիայի թուրքախոս բնակչության զգալի մասը։
Անկարան այս հարցը բարձրացնում է նաև այն պայմաններում, երբ թուրք-հունական հարաբերությունները լարված են Միջերկրականի արևելյան հատվածում Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի պաշտպանական համատեղ գործողությունների պատճառով։ Անկարան այս եռյակը համարում է իր շահերը «սահմանափակող» և ուղղված իր «ազդեցության դեմ»։
Այս ակտիվացումը կարելի է տեսնել որպես Թուրքիայի կողմից Աթենքին ուղղված ազդակ, որ իր տարածքում «դանդաղ գործողության ական ունի»։
Հայտնի չէ, թե ինչ տրամադրություններ են իշխում Արևմտյան Թրակիայում, կամ բնակչության ո՞ր տոկոսն է կազմում «թուրք փոքրամասնությունը», սակայն ավելի քան մեկ դար առաջ այդ շրջանում բնակվող թուրքախոս բնակչության մեծ մասը զանգվածաբար արտագաղթել է Թուրքիա։ Պատմական այս իրադարձությունների ֆոնին Անկարան կարող է ակտուալացնել նրանց «հայրենադարձության» հարցը։
Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Թուրքիան ակտիվորեն փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Բալկաններում, Միջերկրական ծովում, Սիրիայում և Լիբանանում։ Անցյալ շաբաթ Ստամբուլում տեղի ունեցած «Բալկանյան խաղաղության հարթակի» նիստում Թուրքիան անվանվել է «գլոբալ քաղաքականության վրա ազդեցություն ունեցող գերտերություն»՝ ցույց տալով իր ռազմավարական նպատակները տարածաշրջանում։