Հունվարի 23-ի ձյունը, որն սկսվել էր առավոտյան 11:20-ին և շարունակվել մինչև երեկոյան 21:00-ը, ինտենսիվ էր և առաջացրեց մի շարք խնդիրներ Երևանի ձնամաքրման աշխատանքների ընթացքում։
Ամսի 20-ի տեղումները թույլ էին եղել, սակայն հունվարի 23-ի ինտենսիվ տեղումների արդյունքում մայրաքաղաքի ճանապարհային ցանցի և բակային տարածքների մաքրման համար մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա, որոնք աշխատել են 650 բանվորական ուժի կողմից։ Տեխնիկան վարչական շրջաններում տեղակայված էր և աշխատանքներն սկսել են ժամը 12-ի մոտ՝ աղ ու ավազ ցանելով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև խցանումների առաջացման պատճառները։ Կենտրոն վարչական շրջանում գրանցվել են ամենախիստ կանգերը և խցանումները, որոնք, սակայն, գրեթե ամբողջ մայրաքաղաքում առաջացել էին հունվարի 23-ին։
Տեխնիկայի ուշ մուտքի հիմնական պատճառը եղել է երթեւեկության ինտենսիվությունը։ «ԵԱՍՄ-ի մեքենաները չեն կարողացել մտնել երթուղիներ»,- նշեց Կամո Արեյանը՝ հավելելով, որ այդ դեպքում ստիպված են դիմել պարեկային ծառայությանը՝ ճանապարհը բացելու համար։
Ներկայացվեցին նաև Երևանի ճանապարհային ցանցի և մաքրվող տարածքների մասին տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Երևանի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1204 կմ։ Դրանցից 15 մլն քառակուսի մետրը մաքրվում է մեքենա-մեխանիզմների միջոցով, իսկ 8,6 մլն քառակուսի մետրը՝ ձեռքով մաքրվող բակային տարածքներն են։ Այս պատճառով բոլոր փողոցները միաժամանակ մաքրելը տեխնիկապես անհնարին է։
«Սյո կենտրոն չկարողացանք մեքենաներով մտնել, ստիպված պարեկային ծառայությանը դիմեցինք, բայց ասել, որ որևէ տարածք չի մաքրվել, չի համապատասխանում իրականությանը»,- եզրափակեց Կամո Արեյանը։