Այսօր Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ և անմահ պատարագի քարոզի ժամանակ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետը խոսեց հավատի, սիրո և հաշտության կարևորության մասին։
Նա նշեց, որ եկեղեցին կանգնած է ալեկոծության առաջ, որտեղ չար ուժերը փորձում են աշխատել։ Ըստ վարդապետի՝ Մասյացոտնի թեմի «նավակն» այս ալեկոծության մեջ է, և իրենք փորձում են չվախենալ Տիրոջով։
«Միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ՝ հալածանքներով, սպառնալիքներով և այլ դրսևորումներով։ Չարն իր երախը բացել է մեզ վրա։ Բայց ինչպես առաքելական թուղթն է մեզ հորդորում, մենք չենք գնում կռիվ անելու։ Մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր արարման առաքելությամբ։ Աստծո խոսքը քարոզելու, ճշմարտություն տարածելու, եղբայրություն ստեղծելու, պառակտումը վերացնելու, հարգանքի, բաժնեկցության և Սուրբ հաղորդությունը մեր կյանքում իրական դարձնելու ճանապարհով ենք գնում։ Չարին չարով չենք պատասխանելու»,– ասաց տեր Ռուբենը։
Նա հավելեց, որ իրենք հաշտության օրակարգ ունեն նաև դարձի եկողների համար, և եկեղեցու ներսում պառակտում չպետք է լինի։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Գևորգ սրբազանը մեկն է այն 10 հոգևորականներից, որոնք միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին 2–րդի դեմ տարվող արշավին ու պահանջում են վեհափառի հրաժարականը։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։