Ոսկետափի համայնքում տեղի ունեցած վերջին միջադեպը, որը կապված էր Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին պաշտպանելու պայքարի հետ, հստակ ցույց է տալիս լրագրողների կենսական դերը։

Ինչպես հայտնի դարձավ, Ոսկետափի համայնքապետը՝ գյուղում եկեղեցին կառուցած բարերարի հետ միասին, եկել է եկեղեցի և պահանջել, որ տեղի հոգևոր հովիվը՝ Տեր Արտաշեսը, մեկ ժամվա ընթացքում լքի կառույցը։ Այս պահանջը, որը հակիրճ ասած, նպատակադրված էր եկեղեցին իրենց վերահսկողության տակ վերցնելու համար, կանխվել է շնորհիվ լրագրողների արագ արձագանքման։

Միջադեպի 40 րոպե անց, երբ տեղի հավատացյալները հավաքվել էին եկեղեցում, և «Հրապարակ» թերթի նկարահանող խումբը, ինչպես նաև այլ լրատվական կայքերի ներկայացուցիչները հասել էին տեղ, Նիկոլի և նրա կողմնակիցների կողմից սադրիչ գործողությունները կանխվել են։ Այս իրադարձությունը հստակ ցույց է տալիս, թե որքան կարևոր է լրագրողների դերը։

Նրանք, ովքեր շաբաթ-կիրակիներն աշխատանքային դարձնելով, շտապ օգնության պես մեկ եկեղեցուց մյուսը, մեկ թեմից մյուսը գնում են՝ իրենց վերջին կոպեկներն ծախսելով, արձանագրելու և բացահայտելու իշխանությունների ապօրինությունները, ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությունը, իրենց աշխատանքը պարզապես լուր հաղորդելը չէ։ Նրանք առաջնագծում են, որտեղ իշխանությունները փորձում են սադրիչ գործողություններ կազմակերպել։

Այս իրավիճակում լրագրողներին աջակցելը պարտադիր պայման է։ Պետք է ստեղծել արագ արձագանքման խմբեր, որոնք կարողանան մաքսիմալ արագ հասնել այնտեղ, որտեղ իշխանությունները կփորձեն սադրանք կազմակերպել։ Քաղաքական ուժերը, որոնք պնդում են իրենց աջակցությունը եկեղեցուն և հայրենիքին, պետք է իրենց խոսքը վերածեն գործի՝ աջակցելով այն լրագրողներին, որոնք իրենց մասնագիտական պարտքը կատարում են՝ հոգեբանական և բարոյական մեծ ճնշման տակ։ Պետք է աջակցել գործողներին, ոչ թե միայն խոսել նրանց մասին։