Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայտնում է, որ Ոսկետափ բնակավայրում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։

Այսօր Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Մասյացոտնի թեմը նման գործողությունները որակում է որպես անօրինական և անթույլատրելի միջամտություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։

Հայտնի է, որ հիշյալ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա։ Ըստ եկեղեցու հայտարարության՝ որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել դրա գործունեությանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հորդորում է անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։