Այսօր՝ 2026 թվականի հունվարի 24-ին, Մասյացոտնի թեմը հրապարակել է հայտարարություն, որում խիստ դատապարտում է Ոսկետափ բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունները։

Ըստ հայտարարության՝ այսօր Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց կվերադառնան՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Մասյացոտնի թեմը նման գործողությունները որակում է որպես անօրինական և անթույլատրելի միջամտություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։

Հայտարարության մեջ հորդորվում է անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։

Թեմը նաև հստակեցնում է, որ հիշյալ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել դրա գործունեությանը։