Որպես ձեռներեց, ով հաճախ օգտվում է փոստային ծառայություններից, ես զարմացած եմ հայտնվել «Հայփոստի» կողմից սահմանված նոր պահանջի առջեւ, որը, իմ կարծիքով, անօրինական է եւ խախտում է սպառողների իրավունքները։

Դեկտեմբերի 16-ին ես փորձեցի «Հայփոստով» ուղարկել ծանրոց ԱՄՆ-ում բնակվող իմ բարեկամին։ Ծանրոցը կշռում էր մոտ 800 գրամ, եւ ես պատրաստ էր վճարել սովորական փոստային գինը։ Սակայն, երբ ես մոտեցա վճարմանը, ինձ ասացին, որ պետք է վճարեմ 10 հազար դրամ՝ 1 կգ-ի դիմաց, եւ բացի այդ գումարից՝ եւս 10 տոկոս հավելավճար՝ ԱՄՆ նախագահի կողմից սահմանված մաքսատուրքի պատճառով։

Այս պահանջը ոչ միայն անսպասելի էր, այլեւ զարմանալի։ Ես պահանջեցի տրամադրել իրավական ակտի հղումը, որպեսզի կարողանամ ծանոթանալ դրան, սակայն իմ հարցումը հանգեցրեց ոչ թե պարզ բացատրության, այլ անբարյացակամ վերաբերմունքի։ Երբ ես նշեցի, որ «Հայփոստի» ներքին կանոնադրության համաձայն, բանավոր բողոք ընդունելն ամրագրված է, աշխատակիցները համառորեն պահանջում էին գրավոր ձեւաչափ։ Երբ ես բացատրեցի, որ գրավոր խոսքս բանավորիս նման ճարտար չէ, եւ պահանջում եմ ընդունել իմ բանավոր բողոքը, ինձ ծաղրեցին՝ հարցնելով, թե ինչպես եմ ես բարձրագույն կրթություն ստացել, եթե գրել չգիտեմ։ Այս վիրավորանքը, իմ կարծիքով, ավելացրեց անտեղի հավելավճարի պահանջի դեմ իմ դիրքորոշումը։

Այս դեպքից ի վեր, դեկտեմբերի 16-ից մինչ օրս, ես չեմ կարողանում ուղարկել իմ փոքրիկ ծանրոցը ԱՄՆ։ Յուրաքանչյուր անգամ, երբ ես տանում եմ այն «Հայփոստ», ինձ կամ մերժում են, կամ պահանջում են վճարել 10 տոկոս հավելավճարը։

Տեւական վիճաբանություններից հետո ինձ ի վերջո տրամադրեցին ԱՄՆ նախագահի որոշումը անգլերենով։ Պարզվեց, որ ԱՄՆ-ի կառավարությունը, ըստ դրույքաչափի, պարտավորություն է սահմանել բեռ ստացողից գանձել եւ ԱՄՆ կառավարությանը փոխանցել համապատասխան մաքսավճարը։

Սակայն, իմ կարծիքով, այս պարտադիր պահանջը սխալ է ուղղված։ ԱՄՆ կառավարության համար էական չէ, թե այդ գումարը գանձվելու է ապրանք առաքողի՞ց, ստացողի՞ց, թե՞շահագռգիռ այլ կողմից։ Փաստորեն, «Հայփոստը» որոշել է, որ ինքն է շահագրգիռ կողմը, եւ, չարաշահելով ազգային օպերատորի լիազորությունները, սկսել է հավելյալ գումարներ գանձել քաղաքացիներից։

Այս անօրինական պահանջի եւ աշխատակիցների անբարյացակամ վերաբերմունքի մասին ես դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին եւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարին։ Ի տարբերություն վերջինիս, որտեղից դեռ արձագանք չեմ ստացել, վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ նամակը վերահասցեագրել են ԲՏԱ-ին։ Սա նշանակում է, որ իմ բողոքը հայտնվել է կառավարության շրջապտույտի մեջ, եւ ես չեմ կարողանում սպառիչ պատասխան եւ հարցի լուծում ստանալ։