ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նավատորմը շարժվում է դեպի Իրան։ Նա նշել է, որ, թեև նավատորմը գտնվում է այդ ուղղությամբ, նա հույս ունի, որ ստիպված չի լինի այն օգտագործել։

«Մենք շատ նավեր ունենք այդ ուղղությամբ գնացող, ամեն դեպքում… Ես կնախընտրեի ոչինչ չտեսնել, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց»,- ասել է նախագահ Թրամփը Դավոսից վերադառնալիս լրագրողների հետ զրույցի ընթացքում։

Այս քայլը կատարվում է Իրանում բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը։ ԱՄՆ նախագահը սպառնում էր Իրանին հարվածներով, ինչից հետո, ըստ նրա, Իրանը չեղարկել է գրեթե 840 կախաղան հանելու դատավճիռը։

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր գործողությունների վերլուծություններում առկա է զսպվածության գծի պահպանման միտում։ Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշել է, որ սպառնալիքները կշարունակվեն, ինչը Թրամփի արտաքին քաղաքականության անբաժան մասն է, սակայն լայնամասշտաբ հարվածի հավանականությունը կարծես ցածր է, իսկ սահմանափակ, թիրախային գործողությունների հավանականությունը՝ բարձր։

Ըստ վերլուծաբանի՝ ԱՄՆ-ը զգուշանում է լայնամասշտաբ հարվածից, քանի որ Իրանը բարդ թիրախ է, որն ունի ինչպես պաշտպանական համակարգեր, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում գործող ցանց։ Ցանկացած քայլ Իրանի դեմ կարող է շղթայական մի շարք հետևանքների հանգեցնել, բարձրացնելով իրավիճակի սրման ռիսկերը տարածաշրջանում։

Այս իրադարձությունները բարդ իրավիճակ են ստեղծում նաև Հայաստանի համար։ Ինչպես նշել է վերլուծաբանը, Իրանը խիստ զգայուն վերաբերմունք ունի Հայաստանի տարածքի նկատմամբ, քանի որ այն համարում է չափազանց կարևոր, որ ՀՀ տարածքը չդառնա Իրանին թշնամական ուժի համար հենարան։ Հայաստանը գտնվում է մեծ ուժերի շփման գոտում, իսկ տարածաշրջանի ռազմական լարվածությունը աճում է։

Նրա կարծիքով՝ Իրանը հնարավոր բարդ սցենարների պարագայում դիտարկում է «Ադրբեջանի պահվածքը»՝ հաշվի առնելով Բաքվի հետ Իսրայելի և ԱՄՆ-ի խորացող համագործակցությունը։