Երևանի ընդհանուր իրավասության քրեական առաջին ատյանի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում տեղի ունեցավ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով առաջին դատական նիստը։
Դատական մարմինը քննարկեց մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի նկատմամբ կալանքի միջոցի հարցը։
Դատական նիստի սկզբում Նարեկ Օհանյանի պաշտպանը հայտարարեց, որ իրենց կարծիքով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում «Քրեական դատավարության օրենսգրքի» 202-րդ հոդվածի պահանջներին։ Այդ կապակցությամբ պաշտպանը միջնորդեց հանրային մեղադրողին պահանջել դատարանի կողմից սահմանված ժամկետում մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել օրենսգրքի այդ հոդվածի պահանջներին։ Հանրային մեղադրողի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը միջնորդությունը մերժեց։
Հանրային մեղադրողը, նշելով քրեական վարույթին խոչընդոտելու, փախուստի դիմելու և այլ ռիսկերի առկայությունը, միջնորդեց մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի նկատմամբ կալանքի միջոցը թողնել ուժի մեջ և այն երկարացնել ևս երեք ամսով։ Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց երկու մեղադրյալների նկատմամբ կալանքը թողնել ուժի մեջ և այն երկարացնել երեքական ամսով։