Հայաստանում իշխանական իշխանությունները երբեք այսքան համակարգված կերպով չեն եղել կուսակցականացված և գործադիր իշխանության կողմից հպատակեցված, ինչպես այսօր։
Օրենսդիր մարմնի վերջին տարիների գործունեությունը բազմիցս ապացուցել է, որ առաջնային մանդատով՝ հանրության կողմից ընտրված այս մարմինը իշխող կուսակցության ֆիլիալն է՝ կառավարությանը և նրա ղեկավարին ենթակա կոճակ սեղմողների համույթ, որը երբեք ինքնուրույն կարծիք չի հայտնում, ինքնուրույն քայլ չի անում։
Բայց Նիկոլ Փաշինյանը չբավարարվեց միայն օրենսդիր մարմնի ոչնչացմամբ։ Նա հետևողականորեն կուսակցականացրեց դատարանները և Սահմանադրական դատարանը, դպրոցները, բուհերը և Գիտությունների ակադեմիան, Բարձրագույն դատական խորհուրդը, Քննչական կոմիտեն, դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն և Արտաքին հետախուզության ծառայությունը։ Նույնիսկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին թույլ չտվեցին իր կարծիքն ունեցող տնօրեն ունենալ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը՝ բոլորն այս կամ այն կերպ են դարձել Փաշինյանի կուսակցության կողմից վերահսկվող մարմիններ։ Փորձեք մտովի հիշել, թե այս կառույցներից որն ինչ դերակատարում ունի երկրում, երբ է վերջին անգամ հանդես եկել որևէ նախաձեռնությամբ կամ ասուլիսով։
Այս կառույցների ղեկավարները, եթե անգամ որևէ հայտարարություն են անում, ապա դա Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության կրկնությունն է լինում կամ՝ հիմնավորումը։ Նրանց պարբերաբար ստիպում են ասպարեզ գալ՝ Փաշինյանի որևէ վիճելի, անօրինական, կասկածելի հայտարարությունը հիմնավորելու, հաստատելու, ամրապնդելու տեքստով։ Այսպես ասած՝ պարտադրում են վճարել իրենց բարձր աշխատավարձի և կարգավիճակի դիմաց, որը նրանց մեծարգո պարոն Փաշինյանն է նվիրել։
Վաղ առավոտյան ձերբակալվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։