Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանում տեղի է ունեցել բնակարան թալանելու դեպք, որի զոհը դարձել է հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանը, որը հայտնի է «Թու-թու-թու լավա» մականվամբ։
Դեպքի մասին տեղեկություն ստացվել է ոստիկանության Շենգավիթի բաժնից և անմիջապես փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի համապատասխան բաժին։ Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ 7-րդ փողոցում գտնվող Էրիկ Շահբազյանի տանը։ Ըստ առկա տեղեկությունների՝ գողը կամ գողերը տուն են մտել բակի կողմից՝ շրջանցելով տանը պահակող երկու մեծ շներին։ Նրանք հատուկ գործիքի միջոցով կոտրել են չհրկիզվող պահարանը և հափշտակել այնտեղ պահված ամբողջ գումարը։
Քրեական, համայնքային ոստիկանները և պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանեն քննիչները և քննչական կոմիտեի փորձաքրեագետը։ Դեպքի վայրը սահմանազատել են ավագ պարեկ Հարություն Թագվորյանը և պարեկ Լիլիթ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Էրիկ Շահբազյանը Հանրապետությունից բացակայում է։