Ինձ համար բնական էր, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կդավաճաներ թե՛ օրենքներին, թե՛ իր հնչեցրած սկզբունքներին, քանի որ նա առաջին անգամը չէ, որ այդպես է վարվում։ Այս ամենը ինձ այս պահին չի զարմացնում։

Սահմանամերձ գյուղերում հավաքեցին տարբեր զինծառայողների և այդպես փորձեցին ստեղծել տպավորություն, որ անգամ այնտեղ մարդիկ վստահում են իրեն։ Սա բավական է, որ ասենք՝ ընտրությունները կեղծվել են։ Էլ չենք խոսում ձայների սխալ հաշվարկի մասին, սրանք այն փաստերն են, որոնք մակերեսի վրա են։ Կարելի է պատկերացնել, թե որքան չբացահայտված գործողություններ կարող են լինել։

Եթե ես լինեի ընդդիմության փոխարեն, մի փոքր ավելի շատ ռեսուրս ու ժամանակ կծախսեի և կստուգեի բոլոր ընտրատեղամասերն անխտիր։ Հայաստանում կան հազարավոր խուլ գյուղեր, որոնք, ի դեպ, բնակեցված էլ չեն, լքված գյուղեր են։ Ես կասկածներ ունեմ, որ այդ լքված գյուղերում էլ են քվեարկել։ Պետք է հասկանալ, թե ովքեր են այնտեղ քվեարկել, և ինչ պատկեր է ստացվել։ Ընտրակեղծիք իրականացնելը ցանկության դեպքում բավականին հեշտ է, ուղղակի նոր սխեմաներ են կիրառվում։

Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության համար նախկին իշխանություններին, բայց ինքը փայլուն ձևով կրկնօրինակեց նրանց, անգամ՝ անցավ նրանց։ Նա ո՛չ խղճի խայթ է զգում, ո՛չ էլ անգամ ամոթ ունի։ Ավելին՝ ՀՀ քաղաքացիների ազատ կամքի դրսեւորմանն այս մարդն ամեն գնով խոչընդոտեց։ Սպառնաց վարժական հավաքներով, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին պարտավոր է գալ ու քվեարկել իր երկրի համար, անկախ բնակության վայրից։ Սակայն ստացվում է, որ ոչ միայն այս հարցում մարդկանց չեն խրախուսում, դեռ մի բան էլ խանգարում են, ապօրինի քրեական գործեր են հարուցում, ապօրինի քայլերով փորձում են խանգարել։ Նիկոլ Փաշինյանը բռնացել է մարդկանց ազատ կամքի վրա և խոչընդոտել նրանց։

Փաշինյանը 2018 թվականին՝ անլվա, անթրաշ վիճակում, իր փնթի բոմժերի հետ միասին աշխարհի հայերին կոչ էր անում՝ գալ Հայաստան և քվեարկել իր օգտին, բայց երբ տեսավ վտանգ, որ կարող են գալ ընտրության և իրեն ձայն չտալ, պարզվեց, որ քվեարկության գալը քրեական հանցագործություն է։ Նիկոլ Փաշինյանն իր տարերքում է. սուտ, կեղծիք, սպառնալիք, շանտաժ, ուժի կիրառում, և այսպես շարունակ։

Ինչ վերաբերում է ընդդիմության հարցին, որպես ընտրող, ես տվել եմ ձայն և ուզում եմ, որ իմ ձայնն օգտագործվի հնարավորինս օպտիմալ։ Եթե օպտիմալը մանդատ վերցնելն է, թող վերցնեն, եթե չվերցնելն է, ապա թող չվերցնեն, ես ոչ խնդիր չեմ տեսնում։ 2018 թվականին ոչ մեկը չէր մտածում, որ ԱԺ-ում պետք է գործազուրկ բոմժեր հավաքվեն, դրա մասին չէր խոսքը։ Ժողովրդի ցանկությունը պետական կառավարումից, օրենքներից հեռու մարդկանցից խելացի ու բանիմաց մարդկանց է ընտրել որպես պատգամավոր, որպեսզի այդ մարդիկ կարողանան գրագետ աշխատանք տանել։ Իմ ընտրությունը ես տվել եմ և ցանկանում եմ, որ այն օպտիմալ լինի, եթե չաշխատեն իմ ուզած ձևով, ապա ես ուղղակի էլ իրենց ձայն չեմ տա։ Սա սկզբունքն է։

Ինչ վերաբերում է Բաքվի անհանգստությանը, ապա այն բնական է։ Ադրբեջանում շատ գոհ ու երջանիկ են, որ անցել է իրենց սիրելի Փաշինյանը, բայց երբ պարզվեց, որ Փաշինյանը, նույնիսկ եթե հազար անգամ լինի Հայաստանի վարչապետ, սակայն գլոբալ փոփոխություններ, որոշումներ չի կարողանալու կայացնել, դա անհանգստություն է առաջացրել Բաքվում։ Բայց այդ ամենի մասին թող Փաշինյանը մտածի, ինքը՝ իր տերերին։