Հիշում եմ, թե ինչպես Պարսկաստանը (Իրանը) չհանձնվեց Ամերիկային։ Նրանք կանգնեցին ժողովրդի առաջին շարքերում՝ իրենց ուղղված նշանացույցի տակ, եւ հայտարարեցին՝ դե կրակեք եւ սպանեք մեզ, մենք չենք հանձնվում։ Նրանք չհանձնվեցին, չընկրկեցին, գնացին գիտակցված մահվան։ Զոհվեցին։ Եվ հաղթեցին։

Որովհետեւ առաջնորդների անձնազոհությունը ոգեկոչեց, համախմբեց, ոտքի հանեց ժողովուրդը։ Որովհետեւ ժողովուրդը, որը պատրաստ էր ու ելել էր իր առաջնորդների դեմ, այս անգամ տեսավ, որ նրանք այլեւս մարմնավորում են ոչ թե իշխանության վայելքը, այլ՝ պարտքը, ժողովուրդը տեսավ, որ առաջնորդը հավատարիմ է իր կոչմանը, պատրաստ է զոհաբերվելու եւ զոհաբերվում է հանուն իր երկրի։

Նմանատիպ ակնկալիք է հիմա Հայաստանում։ Վերջին տարիներին բազմաթիվ զուր մեղադրանքներ են հնչել ժողովրդի հասցեին։ Այնինչ նա բազմիցս է ոտքի ելել, բայց պարտվել է, որովհետեւ չի գտել իր հաղթական առաջնորդին։ Չի ունեցել հաղթանակի տանող առաջնորդ եւ առաջնորդություն։ Եվ հիասթափվել է։ Բայց դարձյալ ու դարձյալ ոտքի է ելել։

Նույնը եղավ նաեւ այս ընտրություններում։ Եվ հուսանք, որ հիմա կարծես կա առաջնորդ, կարծես կան առաջնորդներ։ Եվ ներկայիս առաջնորդների բուն պարտքը հիմա ժողովրդի ոգին չկոտրելն է։ Եթե կոտրվեց, շատ ծանր հետեւանքներ կունենա, ավելի ծանր, քան Արցախի հանձնումը։

Ուստի ես մեր առաջնորդներին կոչ եմ անում՝ դաս առնել պարսիկ առաջնորդներից, չհանձնվել, չընկրկել, գնալ առաջնորդությունն ինքնազոհաբերությամբ հաստատելու եւ այդպես հաղթանակի հասնելու ճանապարհով։ Դուք ոչ թե ընդդիմության առաջնորդն եք, այլ՝ հայկականության։ Ձեր խնդիրը հայկականությանը եւ Հայաստանին սպառնացող վտանգին հաղթելն է։ Նաեւ՝ արդարության մարտիկի կոչմանը հավատարիմ լինելը։ Այսօր՝ ընտրությունների կեղծիքի հետ չհամակերպվելով, պայքարը շարունակելով։ Գտեք ձեւը, միջոցը, եղանակը։

Ես իմ էությամբ գանդիստ եմ։ Գանդիզմը եղել է ու կա միշտ, իբրեւ էություն, ազատ կամքի, հարատեւ պայքարի դրսեւորման ձեւ ու միջոց։ Իբրեւ գանդիզմի օրինակ՝ կարող ենք բերել նույնիսկ Հիսուս Քրիստոսին կամ թեկուզ առաջին նահատակներին։ Գանդիզմը խաղաղ անհնազանդությունն է։ Անզեն կռիվն է։ Զոհաբերության պատրաստակամությունն է։ Հավատն է մարդու եւ մարդկության, արդարության եւ Աստծո նկատմամբ։ Կյանքով ծառայությունն է։ Բայց գանդիզմը ի վերջո մարտական առաջնորդ է ծնում։

Հասարակ մարդու լուծը փայտյա է, առաջնորդինը՝ փշե։ Լինում է, որ առաջնորդը պիտի անձնազոհության գնա, որպեսզի ապրի ժողովուրդը, որին առաջնորդում է։ Որպեսզի հաղթանակի գաղափարը, որին ծառայում է։ Որպեսզի ոգեկոչվի ժողովուրդը, որին առաջնորդելու լուծն է հանձն առել։

Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե, օրինակ, նստացույց ու հացադուլ հայտարարեն մեր այսօրվա առաջնորդները։ Ֆորբսի վարկանիշով միլիարդատեր, մոլորակի ամենահարուստ հայը։ Հանրապետության նախկին նախագահը։ Առյուծներ սանձող բազկամարտի չեմպիոնը։ Մարդու իրավունքների մշտական պաշտպանը։ Հայ հեղափոխականների հարատեւ դաշնությունը։ Բայց բոլորս քաջ գիտենք, որ սա ինքնին արդյունք չի տա։ Պետք է առաջամարտիկ եւ առաջնորդ լինել ու մնալ նաեւ այլ վիճակներում։ Իսկ խնդիրը հայկականության ու Հայաստանի պաշտպանությունն ու պահպանումն է։ Ոչ թե ինչ-որ սահմանադրական մեծամասնություն տալ-չտալը, այլ Հայաստանը կործանման տանող իշխանության հեռացումը։

Ժողովուրդը ձեզ ձայն է տվել հիմնականում մեկ նպատակով՝ չարիքի իշխանությունը վերացնելու համար։ Եվ դուք հանձն եք առել դա։ Կատարեք ձեր հանձնառությունը։ Եղեք առաջնորդ։