Վերջին օրերին Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք՝ համայնքապետարանների աշխատակիցներ և քահանաների շրջապատին մոտ կանգնած ազդեցիկ անհատներ։ Նրանց նպատակն էր համոզել քահանաներին աջակցել թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոս Սարոյանին, որին կաթողիկոսը պաշտոնանկ է արել, սակայն դատարանը միջանկյալ միջոցով վերականգնել է իր պաշտոնում։
Այս անձինք փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորներով, ծառայողական պայմանների բարելավման առաջարկներով, ինչպես նաև սպառնալիքներով և ճնշումներով։ Որոշ դեպքերում քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոսի որոշում։
Թեմի ներկայացուցիչները հստակ նշում են, որ քահանաները հրաժարվել են ենթարկվել հորդորներին, առաջարկներին և ճնշումներին։ Նրանք հայտնել են, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ և կարգ ու կանոններով, և իրենք պարտավոր են անշեղորեն պահպանելու եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ամենախիստ և սպառնալից խոսքերը հիմնականում ուղղված են եղել Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։