Հարցին, թե երբ կարելի է ակնկալել հայ-թուրքական սահմանի բացում, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ գործընթացը հրապարակային է, եւ թուրքական կողմը ներկայումս աշխատում է Ալիջանի անցակետի վերականգնման վրա։

«Մեր կողմից Մարգարայի անցակետն է, թուրքական կողմից՝ Ալիջանը։ Դեռեւս 2022 թվականից թուրքական կողմի հետ կա պայմանավորվածություն, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրերով անձանց համար սահմանը բացվի։ Այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը գա՝ կիմանաք։ Միայն կասեմ այն, որ գործընթացը հրապարակային է, եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը»,- ասաց նա։

Ռուբինյանը նաեւ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը՝ 2026 թվականի սկզբին հայ-թուրքական հարաբերություններում խորհրդանշանական քայլերի մասին, նշեց, որ չի ցանկանում այս թեմայով շատ բան ասել։ «Ես հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որ թաքցնելու բան ունեմ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել, երբ ինչ-որ բան լինի, եւ այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որեւէ կերպ գործընթացներին վնաս տալ»։

Հարցին, թե հնարավո՞ր է երրորդ երկրների հետ սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, Ռուբինյանը հստակեցրեց, որ Հայաստանի դիրքորոշումը միշտ ամբողջական բաց սահմանների եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն է ուղղված։ «Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ եւ հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը։ Բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտափույթ կիրականացվի»։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված հարցին՝ Ռուբինյանը նշեց, որ այդ երկու գործընթացները, թեեւ տարբեր են, կարող են փոխազդել միմյանց վրա։ «Այդ առումով եւս մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են։ Բայց, քանի որ մենք նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա։ Եվ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա»։ Նա միաժամանակ հավելեց, որ «Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա»։