ՀՀ դատական համակարգի երեք ատյաններում՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, հաջորդաբար կայացված որոշումների արդյունքում օրինական ուժի մեջ է մտել «Մեդիսար» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի։
Հայցը ներկայացվել էր 2021 թվականի հուլիսի 2-ին՝ 2021 թվականի մայիսի 29-ին մեր կայքում հրապարակված հոդվածի կապակցությամբ։ Հոդվածը վերնագրված էր «Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել, նոր փաստեր՝ կասկածելի գործարքից»։
Հետաքննության արդյունքում մեր կողմից հրապարակվել էր 2020 թվականի վերջին առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ի կողմից պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ տեղեկություն։ Գնումը կատարվել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում։
Հրապարակումից հետո «Մեդիսար» ՍՊԸ-ն հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ն պարտավորեցնել հերքել հայցվորի վերաբերյալ «իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները» և վճարել 2 միլիոն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Դատական գործընթացի ընթացքը
Առաջին ատյանի դատարան (Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյան) 2024 թվականի դեկտեմբերի 27-ին մերժել էր «Մեդիսար» ՍՊԸ-ի հայցը։ Դատարանը հրաժարվել է պարտավորեցնել պատասխանողին հերքել հայցվորի վերաբերյալ տվյալները և վճարել փոխհատուցում։ Ընդհակառակը, դատարանը պարտավորեցրել էր «Մեդիսար» ՍՊԸ-ն վճարել 100.000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն։
Վերաքննիչ դատարան (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, նախագահությամբ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյան) 2025 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել էր առաջին ատյանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ն իր հոդվածում ներկայացրել է իր կողմից ներկայացված տվյալների իսկությունը պարզելուն ուղղված գործողությունները՝ ցուցաբերելով բարեխղճություն։ Դատարանը նաև ընդգծել է, որ լրատվամիջոցը չի կրում պարտականություն հերքել հրապարակումները բացառապես դրանում պարունակվող տվյալների միանշանակ հաստատված լինելու պարագայում։
Վերաքննիչ դատարանը հատուկ անդրադարձել էր հոդվածում օգտագործված «գերշահույթ» եզրույթին՝ նշելով, որ այն չի ենթադրում բացառապես ոչ օրինաչափ եղանակով ձեռք բերված շահույթ, այլ կապիտալիստական շահույթի միջին նորման գերազանցող շահույթ, որը կարող է ձևավորվել նաև ձեռնարկատիրական գործունեության սովորական պայմաններում։
Վճռաբեկ դատարան (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ, նախագահությամբ Գոռ Հակոբյան) 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ առանց քննության է թողել «Մեդիսար» ՍՊԸ-ի բերած վճռաբեկ բողոքը՝ համարելով այն անհիմն։ Այս որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Այսպիսով, դատական գործընթացի բոլոր երեք ատյաններում հաղթանակ է տոնել «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ն՝ հաստատելով իր լրագրողական գործունեության իրավական հիմքերը։