«168 Ժամ»-ի «Ռանդևու» հաղորդման ընթացքում ես անդրադառնալով խորհրդանշական հարցերի և անձնական դրվագների, նկարագրեցի վերջին տարիներին իմ և իմ մերձավորների վրա ճնշումների ու ատելության ոհմակային հարձակումների փորձառությունը։
Ես նշեցի, որ իմ երեխաներիս, կնոջս և ծնողներիս վրա եղել է ատելություն, ոհմակային «դիշովկեքի» հարձակում, որը հասել է իրենց ամենաբարձր կետին։ Հիշեցի նաև մայրիկի հետ ունեցած ծանր խոսակցության մասին, որը համարում եմ իմ կյանքի ամենացավոտ պահերից մեկը։ Մի օր մայրս կշտամբեց ինձ՝ ասելով, որ ես այդպես չէի դաստիարակվել։ Այդ խոսքերը ինձ համար ծանր էին լսել։
Խոսելով իշխանական համակարգերում մարդկանց վարքագծի մասին՝ ես շեշտեցի, որ խնդիրը պաշտոնը չէ, այլ մարդը։ Իմ կարծիքով՝ բոլոր իշխանություններում եղել են «քամակ» մտնողներ, պատեհապաշտներ և ճիշտ սապոնվողներ։ Պաշտոնը կապ չունի այդ հարցի հետ։ Այսպիսի վարքագիծը կախված է անհատականության բարոյական որակներից։
Անդրադառնալով գործող իշխանությունում առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց հետ իմ կապի փորձերին, նշեցի, որ այդ ամբողջ կուտոկի մեջ Արարատը ամենաքիչ «քխն» էր իր պահվածքով։
Զրույցի ընթացքում հնչեցին նաև հուզիչ հիշողություններ։ Ես պատմեցի իմ վերջին հանդիպման մասին ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանի հետ։ Նա ինձ ասաց՝ «Արա՛, ֆռա, ես եմ, ֆռա, վրես նայի, ես այլևս այսպիսին եմ»։ Այն վերջին անգամն էր, երբ ես տեսել էի նրան։ Ես պատասխանեցի՝ «Դու իրավունք չունես մեռնելու, դու խոստացել ես ինձ ու Հրայրին դալաններում ծեծել»։ Այդ հանդիպումը ծանր ու անձնական բնույթ էր կրում։
Ես նաև խոսեցի 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին իմ ծառայության մի դրվագի մասին։ Պատերազմի ընթացքում մեր կապի միջոցները կտրվել էին։ Ես տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, որտեղ նա գրել էր «կափարիչս» թռավ։ Ես պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու։ Այս ամենը ինձ համար եղել է ոչ միայն քաղաքական, այլև խորը մարդկային փորձություն։