Ինչպես տեսնում ենք, ընդդիմությունը ձախողեց Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Շատ ընդդիմադիրներ կասեն, որ «դե մենք այդպես էլ գիտեինք», և այդ պատճառով էլ չէինք խառնվում։ Սակայն խնդիրը նրանում չէ, որ պետք չէր այդպես իմանալ, այլ նրանում, որ պետք էր նպատակադրված միանալ և գործը հաջողացնել։ Գնացքն արդեն գնացել է, և գնացքի ետևից սուլելը իմաստ չունի։

Խնդիրն այն է, որ ընդդիմությունն ու «ընդդիմությունը» կամա թե ակամա ընտելացնում են հայ հանրությանը իրենց սկսած գործերի ձախողումներին և արդարացի առիթ են տալիս մարդկանց ենթադրելու, որ մյուս նախաձեռնությունները նույնպես ձախողելու են։

Սակայն կա մի հասարակական ուժ, որը դեռևս քաղաքական պարտություն չի կրել, քանի որ դեռևս քաղաքականության մեջ չի մտել։ 2025 թվականի օգոստոսի 29-ին տեղի էր ունեցել «Մեր ձևով» կամավորական շարժման շնորհանդեսը, որտեղ համակարգող խորհուրդը նշել էր, որ այն ապաքաղաքական շարժում է, սակայն դրա հիման վրա պետք է առաջիկայում ստեղծվեր կուսակցություն։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ կուսակցությունը կստեղծվի մինչև նոր տարին, սակայն, ինչպես տեսնում ենք, այն դեռևս գոյություն չունի։ Նոր տարուց հետո «Մեր ձևով» շարժման կողմից վերահաստատվեցին քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին մտադրությունները, և կարծում եմ, ի վերջո նրանք հասարակական գործունեությունից անցում կկատարեն դեպի քաղաքական գործունեության, մանավանդ որ արդեն քսան հազարից ավել մարդ միացել են «Մեր ձևով» շարժմանը։

Վտանգ կա, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի ձախողումից հետո Հայաստանում գործը կարող է հասնել հերթական խորհրդարանական ընտրություններին, ուստի շատ կարևոր է, որպեսզի հատկապես ազգային-քաղաքական ուժերը ճիշտ գնահատեն իրենց հնարավորությունները։ Պարտադիր չէ բոլոր հարցերում միասնական լինել, այդպես, կարծում եմ, հնարավոր էլ չէ, սակայն Հայ Եկեղեցու հարցում ուղղակի կենսական նշանակություն ունի միասնական լինելը, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թշնամու վերահսկողության տակ անցնելու վտանգի առաջ է կանգնած, իսկ դա նշանակում է, որ վտանգի առաջ է կանգնած էությամբ հայ տեսակի գոյությունը։

Որքանո՞վ է իրատեսական ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը՝ ժամանակը կցուցանի, սակայն տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող քաղաքական խմորումները հուշում են, որ Հայաստանում տեղի ունեցող ներհասարակական ու ներքաղաքական պառակտումների ընթացքը անհրաժեշտ է կասեցնել։ Հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները յուրաքանչյուր էությամբ հայ, անկախ նույնիսկ իր կրոնական հայացքներից, իմ կարծիքով ճիշտ կլինի, եթե դիտարկի որպես իր անձի, իր ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ և ըստ այդմ դիրքավորվի հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում։