ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող մի քանի եվրոպական երկրների համար կսահմանվի 10 տոկոս մաքսատուրք, որը կգործի այնքան, մինչև ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ գործարք չի կնքվել։
Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում նշել է, որ մաքսատուրքը կներառի Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի բոլոր ապրանքները։ Հունիսի 1-ին այս տուրքը կբարձրանա մինչև 25 տոկոս։
«Մենք տարիներ շարունակ սուբսիդավորել ենք Դանիային, Եվրամիության բոլոր երկրներին և այլ երկրների՝ նրանցից չգանձելով մաքսատուրքեր կամ որևէ այլ տեսակի վարձատրություն։ Դարեր անց հիմա ժամանակն է, որ Դանիան հատուցի», – գրել է նա։
Թրամփը պնդում է, որ Գրենլանդիան պաշտպանված է միայն «երկու շնասահնակով», և ասում է, որ «աշխարհի խաղաղությունը վտանգված է», քանի որ Չինաստանը ցանկանում է Գրենլանդիան, իսկ Դանիան, նրա խոսքով, «ոչինչ չի կարող անել դրա հետ կապված»։
ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն անում է ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ եվրոպական երկրները՝ Գրենլանդիան գնելու մասին նրա ավելի վաղ արած հայտարարություններից հետո, փոքրաթիվ զորամիավորումներ ուղարկեցին Գրենլանդիա։
Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը, որն այս շաբաթ էր այցելել Վաշինգտոն, ասել է, որ Թրամփի հայտարարությունը «անակնկալ» է, քանի որ նա կառուցողական քննարկում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Նա նշել է, որ Գրենլանդիայում ռազմական ներկայության ավելացման նպատակը Արկտիկայում անվտանգության ամրապնդումն է։
Դանիացի քաղաքական գործիչները ևս արձագանքել են Թրամփի հայտարարությանը։ Դեմոկրատների առաջնորդ Ինգեր Ստոյբերգը կոչ է արել չխոնարհվել «Թրամփի բռնարար մեթոդների» առջև։ Մեկ այլ պատգամավոր՝ Պելլե Դրագստեդը, սոցցանցում գրել է, որ այս սպառնալիքներին «պետք է պատասխան տրվի եվրոպական համերաշխությամբ և դիմադրությամբ»։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտանը հայտարարել է, որ «Եվրամիությունը միշտ շատ վճռական կլինի միջազգային իրավունքի պաշտպանության հարցում»։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն լիակատար համերաշխություն են հայտնել Դանիայի և Գրենլանդիայի ժողովրդի հետ։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նույնպես արձագանքել է՝ հայտարարելով, որ Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ «ազգերի ինքնիշխանությանը» և անընդունելի է համարում Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքները։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը մերժել է Թրամփի սպառնալիքները՝ հայտարարելով, որ «թույլ չենք տա, որ մեզ շանտաժի ենթարկեն»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը «լիովին սխալ» է։ Նա նշել է, որ դաշնակիցները պետք է միասին ավելին անեն՝ Արկտիկայում Ռուսաստանից եկող սպառնալիքը հաղթահարելու համար։