Երեկ՝ հունվարի 16-ին, Սյունիքի մարզում տեղի է ունեցել ավտոմեքենայի և հետիոտնի միջև վրաերթի դեպք։
Ժամը 14:15-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքում՝ Սիսական-Ադոնց փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկան։
Ինչպես հայտնի է, վարորդը փախուստի չի դիմել։ Նա անմիջապես երեխային տեղափոխել է «Սիսիան» բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար։ Վրաերթի ենթարկված աղջիկը սովորում է Սյունիքի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։
Դեպքի վերաբերյալ նախապատրաստվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով (ավտոմոբիլային կամ երթուղային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ կամ ծանր վնասվածք)։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են քննչական-հետաքննչական միջոցառումներ։