Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների կողմից տարածված հայտարարությունը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակի վերաբերյալ, քաղաքական տեսանկյունից, կարելի է դիտարկել որպես ընտրություններից առաջ ներկայացվող արտաքին աջակցության ձեւ։

Այս փաստաթղթի առանցքային հատկանիշն այն է, որ այն իրավական բնույթ չունի։ Ինչպես հստակ նշված է հայտարարության նախաբանում, այն «չի առաջացնում եւ միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար»։ Այս պարբերությունը, փաստորեն, ամփոփում է փաստաթղթի էությունը։

Այսպիսով, անգամ եթե ենթադրենք, որ իշխանական շրջանակների կողմից ներկայացված տեսակետը ճիշտ է, եւ այս տեքստը չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը, այնուամենայնիվ, հարց է առաջանում այն մասին, թե արդյոք կողմերը գետնի վրա իրագործելու ժամանակ կհետեւեն այս ձեւական պայմանավորվածությանը, որը, ինչպես նշված է, իրավական պարտավորություններ չի պարունակում։