Իմ հյուրը «Պրեսսինգ» հաղորդաշարում եղել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ (1992-93թթ.) և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։ Մեր զրույցի ընթացքում մենք խորը վերլուծեցինք տարածաշրջանային լոգիստիկայի հարցը, որը, նրա կարծիքով, այլևս պարզապես տնտեսական հարց չէ, այլ աշխարհաքաղաքականության հզոր գործիք։
Հարությունյանի խոսքով՝ այսօրվա աշխարհում յուրաքանչյուր խաղացող՝ Չինաստանից մինչև ԱՄՆ, ձգտում է տարածել իր ազդեցությունը ոչ միայն ռազմական ու տնտեսական, այլև լոգիստիկ ճանապարհներով։ Նա այս մտքը բացատրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայեցակարգի օրինակով․ «Նա ասում է՝ ես դեմ չեմ, որ դուք լավ ապրեք, բայց այդ հարստացման աղբյուրները ես պետք է տնօրինեմ»։
Նախկին վարչապետը նշեց, որ Թրամփի «5+1» նախաձեռնությանը ի պատասխան Չինաստանը Ստամբուլում հավաքել է Կենտրոնական Ասիայի 6 պետությունների ղեկավարներին և նրանց հետ ստորագրել է հուշագիր՝ երկաթուղային ճանապարհի մասին, որը կապելու է այդ երկրներին Եվրոպայի հետ։
Հարությունյանը հատուկ անդրադարձեց նաև Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Տրանս-Եվրասիական տրանսպորտային միջանցքի (TRIPP) հարցին։ Նրա կարծիքով՝ այս նախագիծը, որը հաճախ անվանում են նաև «Զանգեզուրի միջանցք», ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային առումով Հայաստանին ոչինչ չի տալիս։
«Տնտեսական առումով Սյունիքով անցնող 42 կիլոմետրանոց երկաթգիծը մեզ ոչինչ չի տալիս։ Շահում է միայն Ադրբեջանը»,- պնդում է նա՝ հղում անելով «Ֆորբս» ամսագրի հաշվարկի, որի համաձայն՝ այդ նախագծի արդյունքում Թուրքիայի արտահանման ծավալները կաճեն 310%-ով, իսկ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը՝ 2%-ով։ Իսկ Հայաստանը, նրա խոսքով, կստանա միայն խոստումներ՝ ԵՄ-ի կողմից 2.5 միլիարդ եվրոյի աջակցության մասին։
Նախկին վարչապետը նաև նշեց, որ TRIPP-ը կամ «Զանգեզուրի միջանցքը» ոչ մի կերպ չի կարող բարելավել Հայաստանի անվտանգությունը։ «Պատկերացրեք՝ TRIPP-ը կա․ արդյո՞ք Սոթք-Խոզնավար հատվածից կամ Ջերմուկի սարերից ադրբեջանցիները դուրս են գալու։ Իհարկե ո՛չ։ Այսինքն՝ մեր նպատակը պետք է լինի մեր աշխարհագրական դիրքը վերածել աշխարհաքաղաքական ներուժի, որ քո անվտանգությունը դառնա խոշոր խաղացողների շահերի համար անհրաժեշտություն»։
Հարությունյանը կարծում է, որ Թրամփի ուղու նպատակը Կենտրոնական Ասիայի երկրներին ԱՄՆ ազդեցության տակ պահելն է։ Նրա խոսքով՝ եթե Սյունիքը հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, TRIPP-ը կշարունակի գործել, քանի որ ԱՄՆ-ի համար տարբերություն չի լինի, թե ում վերահսկողության ներքո է գտնվում այդ տարածքը։