Այսօր Երեվանի քաղաքապետարանի ավագանու նիստում քննարկվեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանակոչելու հարցը։ Նախագիծը օրակարգ էր բերել «Ազգային առաջընթաց» խմբակցությունից ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը։
Քննարկման ընթացքում «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը քննադատեց փոփոխության առաջարկը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Նա հիշեցրեց, որ նման կարևոր հարցը հանրային պատշաճ ու լայն քննարկման չի ենթարկվել։ Խաչատրյանը նշեց, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագծին արձագանքել է ընդամենը 30 քաղաքացի, որից հինգը՝ բացասական։ Նրա խոսքով՝ «Արեւմտամետ խաղացող, բայց իրականում ռուսական օրակարգ սպասարկող Հայկ Գրիգորյանը իրեն սուպերարեւմտամետի տեղ դրած՝ իրական սուպերմամա Հայկոյի հետ է եկել քաղաքապետարան»։
«Հանրային ձայն » խմբակցությունից Վահան Ավագյանն էլ հիշեցրեց, թե ով է Պապ թագավորը։ Նա ասաց. «Եվ Գրիգորյան Հայկին ասեմ՝ պետք չի ՔՊ-ին հաճոյանալու համար նախագծեր բերես։ Մենք դեմ ենք այս նախագծին, ուշացել ես»։
Ավագանու անդամները հետաքրքրվեցին նաև նախագծի հեղինակի մոտեցմամբ՝ թե ինչու է նա կանգ առել Պապ թագավորի անունի վրա։ Պատասխանելով այդ հարցին՝ Հայկ Գրիգորյանը նշեց, որ նպատակն ինֆորմատիվ քայլ է։ Նա բացատրեց, որ Պապ թագավորի դերը հայկական պատմության դասագրքերում ներկայացված է սխալ լույսի ներքո և շատ կարճ։ Նա համեմատեց նրա արածի մասշտաբները Տիգրան Մեծի հետ՝ նշելով, որ թեև Տիգրան Մեծը գրավել է ավելի մեծ տարածքներ, Պապ թագավորը, իր խաղաղության ժամանակ կատարած գործերի շնորհիվ, ավելի մեծ բան է արել Հայաստանի համար։
Քվեարկության դրվեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանակոչելու նախագիծը, սակայն ավագանու անդամների մեծամասնությունը բոյկոտեց քվեարկությունը։