Իմ կարծիքով, այսօրվա իրավիճակում հայկական պետության և ժողովրդի անվտանգության հարցը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկանգամյա խնդիր, այլ որպես շարունակական, համակարգային մարտահրավեր։ Իշխանությունների կողմից ներկայացվող «խաղաղությունը», որը հիմնված է Թուրքիայի և Ադրբեջանի քմահաճույքի վրա, իրականում հրադադար է, որը նպատակ ունի ստեղծել ավելի պարարտ հող «արևմտյան Ադրբեջան» ձևավորելու համար։
Այս համատեքստում ԲՀԿ-ի կողմից ներկայացված «Երաշխավորված խաղաղության» կոնցեպտը ոչ թե կոնֆլիկտի ենթադրություն է, այլ իրատեսական մոտեցում՝ առերեսում իրականությանը, որն է՝ Թուրքիան և Ադրբեջանն ունեն Հայաստանի Հանրապետության վերացման նախագիծ։ Այս նպատակը հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ձևավորել Հայաստանի տարածքում «արևմտյան Ադրբեջան»։ Այս պայմաններում խաղաղության մեջ ապրելու համար պետք է առերեսվել իրականությանը։ Խաղաղությունը միայն այն չէ, որ սահմանի վրա չեն կրակում, այլ այն, երբ հակառակորդը չի կրակում, որովհետև իրեն թույլ չեն տալիս, որ ինքը կրակի։
Այս ամբողջ գործընթացների ներքո համաշխարհային և միջազգային իրավունքը գոյություն չունի, այլ խոսքերով՝ լեգիտիմության հիմքերն այսօր ձևավորվում են զուտ մի պարզ գործոնի շուրջ՝ կարո՞ղ ես պաշտպանել քեզ, թե՞ ոչ։ Եթե չես կարող, ուզում ես՝ օրական 15 անգամ խաղաղության պայմանագիր ստորագրի, միևնույն է, քեզ գրավելու են։
Այս տեսանկյունից երաշխավորված խաղաղությունը համակարգ է, որտեղ ընդհանրապես կապ չունի՝ ով է իշխանության գլխին։ Այն անվտանգային մի ճարտարապետություն է, որն իր մեջ ներառում է տարբեր ուղղություններով՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական երաշխիքների մի ամբողջ համալիրի կառուցում, որի արդյունքում նույն Ադրբեջանը և Թուրքիան ուղղակի ֆիզիկապես չեն կարող պատերազմ վերսկսել Հայաստանի դեմ։
Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրության փոփոխության առաջարկը, որը փորձում է հայրենիքի, պատմական հիշողության և հավատքի կոնցեպտները հանել Սահմանադրությունից, մի շատ խորքային նպատակ է հետապնդում։ Երբ դու հայրենիքի կոնցեպտը հանում ես Սահմանադրությունից, դու այն դարձնում ես օֆիսի կանոնակարգ, իսկ այդ պարագայում օֆիսը կարող են գնել, կարող են լուծարել, կարող են փակել։ Այսպիսով, Սահմանադրության փոփոխությունը միտված է «արևմտյան Ադրբեջանի» ձևավորմանը։
Այս իրավիճակում մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև։