Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որում նա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի շանսերը ավելի մեծ են, քան Ռոբերտ Քոչարյանի։ Իհարկե, կարելի էր այս հայտարարությունը անտեսել, եթե Հայաստանում չլիներ մի իշխանություն, որի անվտանգության երաշխավորն ու հովանավորը Ալիևն է։

Ես նախնականորեն նկատել եմ, որ Ալիևը, ամենայն հավանականությամբ, հանձնարարել է Մամեդյարովին այսպիսի բան ասել, և նա էլ, որպես իրեն վստահված գործիչ, կատարել է հանձնարարությունը։

Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պատասխանը պարզ է․ Բաքվի իշխանությունները, որոնք ակտիվորեն հետևում են հայաստանյան իրադարձություններին, ունեն իրենց ռազմավարական նպատակները։ Նրանք ոչ միայն գիտեն, թե ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, այլև ի՞նչ շրջանակներն են ամենաշատը վախենում «Նիկոլին բերելու» գաղտնիքի բացահայտումից։ Մամեդյարովի հայտարարությունը, ըստ էության, կրկնում է այս վերջին խմբի հայտարարությունը, որը գրեթե ամեն օր հրապարակվում է հայաստանյան լրատվական ոլորտում։

Այս հայտարարության հիմնական նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին աջակցելն է, այլ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբումը խոչընդոտելը։ Բաքվի համար ամենաանցանկալի ՀՀ վարչապետը ոչ թե Նիկոլն է, այլ Ռոբերտ Քոչարյանը։ Հայտարարությունը հստակ ակնարկ է՝ ուղղված Նիկոլին, թե ԵՄ-ն քեզ «քցեց», բայց դու դարդ չանես, քանզի մենք քո թիկունքին ենք, ինչպես պայմանավորվել էինք։

Այս ամենի ֆոնին հատկապես զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները չեն արձագանքել Մամեդյարովի հայտարարությանը։ Ոչ մի պաշտոնական դիրքորոշում, ոչ մի քննադատություն։ Սա միայն մեկ բան է նշանակում․ իրենց ձեռնտու է, ուրեմն պայմանավորվել են, ուրեմն ընտրակաշառքի հարցը լուծված է։

Այսպիսով, Մամեդյարովի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անկախ վերլուծություն, այլ որպես Բաքվի ռազմավարական խաղի մաս։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը, օգտագործելով իր ազդեցությունը, փորձում է ազդել Հայաստանի ներքին քաղաքական դինամիկայի վրա՝ իրենց շահերը պաշտպանելու համար։