Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև հանրահայտ բռնցքամարտիկ, մարզահամալիրի անվան հովանավոր Արթուր Աբրահամը։

Նորակառուցվող մարզահամալիրը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Ծրագրի ներկայացումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը մարզիկների հետ միասին մարզահամալիրի հիմքերում տեղադրել են։

Մարզահամալիրը կունենա երկու մասնաշենք՝ մեկը ստորգետնյա, մյուսը՝ երեք հարկանի։ Առաջին մասնաշենքում կտեղակայվեն ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները, որոնք կկառուցվեն հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, ինչպես նաև վարչական տարածքներով։ Երկրորդ մասնաշենքում կլինի բասկետբոլի դահլիճ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2.3 մլրդ դրամ, որը հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը, ինչպես հայտնի է, անվանի բռնցքամարտիկը ձեռք է բերել տարիներ առաջ։

Արարողության ընթացքում վարչապետը շնորհավորել է ներկաներին և վստահություն հայտնել, որ մարզահամալիրը կհանձնվի շահագործման սահմանված ժամկետներում և բարձր որակով։ Նա նաև նշել է, որ կառավարության կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերի շարքին են պատկանում Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը, որը արդեն գործում է, իսկ մայիսին կհիմնարկվի Ալագյազ գյուղում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան դպրոցը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս քաղաքականությունը կառավարության կողմից իրականացվում է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկներին արժևորելու, երկրում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով։