Իմ «Խալի» բալետը, որը բեմադրվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի աջակցությամբ և հրավերով, հաջողությամբ շրջագայում է միջազգային բեմերով՝ մեծ ընդունելության արժանանալով։ Այս ներկայացումը ժամանակակից պարի, ավանդական երաժշտության՝ «Խազեր» երգչախմբի կատարմամբ, և երաժիշտ Հայկ Կարոյի հայկական շնչով ժամանակակից երաժշտության միաձուլումն է, որը հետաքրքրում և գրավում է օտարերկրյա հանդիսատեսին։
Հաջողության հիմքում են երիտասարդ կատարողների պարային հմտությունը, նրանց մեծ ներուժը, կատարողականությունն ու նվիրումը։ Այս պարախմբի արտիստներն են իմ Երևանի Պարարվեստի պետական քոլեջում հիմնած «Մոդեռն պար» բաժնի առաջին շրջանավարտներն՝ Միլենա Ղազարյան, Գրետա Ալավերդյան, Թամարա Ղևոնդյան, Միլենա Բարսեղյան և Նաթելլա Բաղրամյան։ Նրանց կատարումները հիացնում են հանդիսատեսին։
Այս ներկայացման մասին իսպանական հեղինակավոր DESDE MI BUTACA պարբերականը գրել է հետևյալը․ «Հինգ անչափ երիտասարդ կատարողներ, հագնված իրենց երկրի գորգերի մեջ օգտագործված գույներով, հիացրին մեզ։ Գեղագիտական առումով այն Սոֆիա Կոպպոլայի «Ինքնասպան կույսերը» և Մարգարետ Ատվուդի «Աղախնի պատմությունը» աշխարհերի միաձուլում էր։ Նրանց շարժումները միաժամանակ և՛ փխրուն էին, և՛ հզոր՝ փնտրում էին անհատականություն ու ներդաշնակություն։ Կարմիր, ինդիգո, հողային երանգները դարձել էին կանացի ձեռքերն ու ավանդույթը։ Պարուհիները մեզ տարան դեպի հին ավանդույթը, որը դարձել է իրենց երկրի ինքնության խորհրդանիշ»։
Այս հաջողությանը նպաստում են նաև իմ ստեղծած երկու կարճամետրաժ ֆիլմերը։ «Reek» ֆիլմը, որը նկարահանվել է «Environmental Dance Project»-ի շրջանակում, մարդու և բնության միջև կապի խեղաթյուրմանը վերաբերող փիլիսոփայական վերլուծություն է։ Ֆիլմը, որտեղ ես հանդես եմ գալիս որպես գլխավոր դերակատար, ցույց է տալիս պարուհու անցումը աղբավայրի խեղդող փակությունից դեպի անապատի, ծովի և անտառի անսահման ազատություն։
Երկրորդ ֆիլմը՝ «Ել», հիմնված է Կոմիտասի մշակած «ԵԼ» ժողովրդական երգի վրա։ Այն նկարահանվել է հնագույն Էրեբունի բերդում և միավորում է պարը, ձայնը և Հայաստանի ճարտարապետությունը՝ ներկայացնելով ներքին պայքարի և տոկունության պոետիկ պատկերացում։
Արձագանքներում նշվում է, որ «Խալի» ներկայացումը միավորում է պարը, գույնը և պատմությունը՝ ստեղծելով հմայիչ սիմֆոնիա, որն ամբողջովին գերում է հանդիսատեսին։ Իմ խորեոգրաֆիան վարպետության դաս է․ գորգահյուսության ռիթմը վերածվում է պարի։ Պարուհիների հոսուն շարժումները հիշեցնում են թելի անցկացման ու հանգուցման ընթացքը՝ ստեղծելով կենդանի, շնչող պատկերներ։ Դիզայներ Քնքուշ Մալխասյանի զգեստները ընդգծում են յուրաքանչյուր գույնի խորհրդաբանությունը, իսկ Հայկ Կարոյի երաժշտությունը՝ «Խազեր» երգչախմբի կատարմամբ, պարուրում է բեմը հուզական լարումով։
«Խալի»-ի հաջորդ կանգառներն են Բուլղարիան, Լեհաստանը և Հունաստանը։