Ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով այցելեցին Արարատի մարզի մայրաքաղաք Արտաշատ՝ որտեղ տեղի ունեցավ կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողությունը։ Նոր գրասենյակը գտնվում է Օգոստոսի 23 փողոց 43 հասցեում։
Բացման արարողությանը ներկայացած բազմաթիվ արտաշատցիների առջև ելույթ ունեցավ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա իր խոսքը սկսեց ակնարկով Հայաստանի պատմական մայրաքաղաքի հազարամյակների պատմությանը՝ շեշտելով, որ արտաշատցիների հոգին անվախ է։
Նարեկ Կարապետյանը անդրադարձավ մարզում առկա սուր խնդիրներին՝ նշելով, որ վերջին ութ տարիներին հանցագործությունների քանակը աճել է շուրջ երեք անգամ, իսկ ծանր հանցագործությունների քանակը՝ շուրջ տասը անգամ։ Նա նշեց, որ կուսակցության առաջնահերթությունը հանցագործությունների կանխարգելումն է, երկրի անվտանգությունը և ճիշտ կառավարումը։
Խոսելով տնտեսական իրավիճակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ վերջին տարիներին ցանքատարածությունները կրճատվել են 35 տոկոսով, բացառությամբ խաղողի և ծիրանի։ Ըստ նրա՝ ցորենի ցանքատարածությունները կրճատվել են երկու անգամ, ինչը, նրա կարծիքով, վկայում է մարզի տնտեսության թուլացման մասին։ Նա նաև նշեց, որ ջրի պակասի և մթերման խնդիրների պատճառով մարզում չի մշակվում 9000 հեկտար հող։
Նարեկ Կարապետյանը հավելեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մարզի համար փոփոխություն է բերում, որպեսզի Արարատյան հովտում՝ Հայաստանի ամենաբերրի տարածաշրջանում, չլինի գեթ մեկ հեկտար, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Նա հավելեց, որ մարզի բերքը կծախվի ոչ միայն տեղում, այլև Հայաստանի հյուսիսում և հարավում։
Նա հարցական նշանով նկատեց, թե ինչպես է հնարավոր, որ 21-րդ դարում, երբ Հայաստանը աշխարհի ամենաշատ ջրով հարուստ երկրներից է, գյուղացին ջրի խնդիր ունենա, իսկ ամենաբերրի տարածաշրջանը՝ բերք վաճառելու խնդիր։ Ըստ նրա՝ սա կառավարման արդյունք է, որը պահանջում է ոչ թե «ռիլ» անող, այլ գործող և արդյունավետ կառավարիչ։
Խոսքի ավարտին Նարեկ Կարապետյանը հանդիսավորապես կտրեց գրասենյակի բացման ժապավենը՝ խորհրդանշելով կուսակցության նոր աշխատանքային կենտրոնի մեկնարկը։ Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները շփվեցին քաղաքի բնակիչների հետ՝ քայլերթ կատարելով Արտաշատի փողոցներով։