Իմ սկզբունքային մոտեցումն է. առողջապահության ապահովագրությունը կարևորագույն համակարգ է, և այն անպայման պետք է գործի, սակայն բարեփոխումները պետք է արվեն մտածված, խնամքով, չլինեն բուժաշխատողների եկամտի հաշվին, բուժաշխատողների առողջության հաշվին, բուժաշխատողների բարեկեցության հաշվին։

Մեր կուսակցությունը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մեր երկրի կյանքին վերաբերող կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծման մեր առաջարկները։ Առողջապահությունը դրանցից մեկն է, որի շուրջ վերջին ամիսներին խոսակցություններն ակտիվացել են՝ ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրմամբ։

Բժիշկների և բուժաշխատողների համար պետք է ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդներին, թե՛ բուժաշխատողներին։

Մենք առաջարկում ենք ապահովագրման այնպիսի համակարգ, որը երաշխիքներ կտա մեր քաղաքացիներին ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե կլինի նախընտրական ակցիա՝ ծրագրի ֆինանսավորման անհասկանալի մեխանիզմներով։ Մենք առաջարկում ենք այնպիսի համակարգ, որը չի բերում անվերջանալի հերթերի ու քաշքշուկի։

Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը պիտի ուղեկցվի ենթակառուցվածքային ներդրումներով։ Բուժհիմնարկների վերազինումը, արդիականացումը, շենքային պայմանների բարելավումը հատկապես մարզերում կարևորագույն խնդիր են, որը պետությունը մասնավորի հետ պետք է լուծի։

Պետությունը պարտավոր է քաղաքացուն դեղերի շուկայում պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում է էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։ Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև։ Առողջությունը չպիտի զոհ գնա շուկային կամ մենաշնորհներին։ Սա իշխանությունների քաղաքական և մարդկային պարտավորությունն է։