Հայաստանի պետական պարտքի աճի հիմնական գործոնը ներքին պարտքն է, որը ձևավորվում է հիմնականում Կառավարության կողմից թողարկվող պետական գանձապետական պարտատոմսերի գնումից։ Այս պարտատոմսերը գնում են բանկերը, տարբեր ֆինանսական կազմակերպություններն ու սովորական քաղաքացիները։

Ըստ Ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ԿԲ) տվյալների, 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանը ներքին պարտք է ունեցել մոտ 2.9 տրլն դրամի (7.6 մլրդ ԱՄՆ դոլար) չափով։ Այս պարտքի հիմնական մասը՝ 2.6 տրլն դրամը, ձևավորվել է ռեզիդենտների (Հայաստանում գրանցված) գնած պետական պարտատոմսերի արդյունքում։

Ովքե՞ր են պետությանը պարտք տվել

Հայաստանի պետական պարտքի հիմնական պարտատերերն առաջին հերթին բանկերն են։ ԿԲ-ի տվյալներով՝ փետրվարի վերջի դրությամբ բանկերը պետությանը պարտք են տվել 1.6 տրլն դրամ, ինչը կազմում է Հայաստանի պետական պարտատոմսերի ընդհանուր ծավալի 57%-ը։

Ներքին պարտքի մյուս խոշոր հատվածը բաժին է ընկնում կենսաթոշակային ֆոնդերին։ Կենսաթոշակային ֆոնդերը պետական պարտատոմսերում ներդրել են 543 մլրդ դրամ։

Այսպիսով, Հայաստանի ներքին պարտքի գծով գլխավոր պարտատերերն են բանկերը և կենսաթոշակային ֆոնդերը։

Պարտքի ժամկետայնությունը

Հայաստանի պետական պարտքը, ըստ ժամկետայնության, լինում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Պարտատոմսերի պարագայում գերակշռում է երկարաժամկետ տեսակը։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ մոտ 2.9 տրլն դրամի պետական պարտատոմսերի 58.1%-ը կամ մոտ 1.7 տրլն դրամը երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերն են։

Այսպիսով, պետությունը վերցնում է երկարաժամկետ պարտքներ՝ հիմնականում բանկերից և կենսաթոշակային ֆոնդերից, որոնք, իրենց հերթին, ներդրումներ են կատարում պետական պարտատոմսերում՝ ապահովելով պետական բյուջեի ֆինանսավորումը։