Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստում պաշտպաններից մեկը՝ Արմեն Ֆերոյանը, դատավորին դիմել է՝ նշելով, որ իրենց հաճախակի հանդիպող լրագրողների հետ շփումները և հարցերի պատասխանները մեծ կարևորություն ունեն, և դա հիմնավորում է խափանման միջոցի վերացման պահանջը։
«Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ երբ պարոն Կարապետյանը գալիս է մասնակցելու դատական պրոցեսներին, բազմաթիվ լրագրողներ են մոտենում և փորձում են հարցեր հնչեցնել։ Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ լրագրողներին հուզող բազմաթիվ հարցեր կան։ Իսկ լրագրողներին հուզող հարցերի մեջ կան մեր ազգաբնակչությանը հուզող հարցերը։ Հետևաբար, չափից շատ կարևորում ենք նաև լրագրողների հարցերին պատասխանելը»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու հիմնական պատճառներից մեկը հենց այն է, որ տնային կալանքի պայմաններում նա չի կարող ազատորեն շփվել լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ։ Ֆերոյանը նշեց, որ որոշ ուժային շրջանակներում այս իրավիճակը մանիպուլացնում են՝ պնդելով, թե Սամվել Կարապետյանը խուսափում է լրագրողների հարցերին։
Փաստաբանը հստակեցրեց, որ տնային կալանքի մեջ գտնվող անձը չի կարող ունենալ ազատ շփումներ լրատվական ընկերությունների հետ։ Նա նաև ընդգծեց, որ հանրության մեծ մասը, ինչպես ցույց է տալիս լրագրողներին ուղղված հարցադրումների ինտենսիվությունը, մեծ ցանկություն ունի լսել Սամվել Կարապետյանի կարծիքը և պարզաբանումները։
«Եթե հանրությունը շատ մեծ ցանկություն ունի, իսկ մենք վստահ ենք, որ հանրությունն այդ մեծ ցանկությունն ունի, և դա արտահայտվում է լրագրողներին հուզող հարցադրումներով, որ Սամվել Կարապետյանը պատասխանի և պարզաբանի բոլոր հարցերին, կարծում եմ, որ սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, ոչ միայն մենք ենք կարևորում, որ խափանման միջոցը վերացվի, այլ նաև ազգաբնակչության»,- եզրափակեց նա։